11:21 | 03.02.21 | Նորություններ | 4201
Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը ներկայացրել է 2020թ. ընթացքում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների կատարելագործման եւ միջազգային համագործակցության ուղղությամբ իրականացված աշխատանքները:
Մասնավորապես` կորոնավիրուսի համավարակի պայմաններում 2020թ. ՊԵԿ-ը թվային նոր լուծումներ է մշակել` հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում թղթային գործարքներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար: Հարկային եւ մաքսային էլեկտրոնային կառավարման համակարգերում ներդրվել է էլեկտրոնային վճարումների համակարգ:
«Հարկ վճարողները եւ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողները հնարավորություն ստացան իրենց անձնական էջից բանկային քարտի միջոցով վճարել հարկերը` առանց բանկ այցելելու, թղթադրամի ձեռք տալու, ինչը կարեւոր է վարակի տարածումը կանխելու առումով»,- նշել է Աշոտ Մուրադյանը:
Նա հայտնել է, որ կարճ ժամանակում ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը ծրագրային փոփոխություններ է կատարել էլեկտրոնային կառավարման համակարգում` համավարակով պայմանավորված հօգուտ հարկ վճարողների կատարված օրենսդրական փոփոխություններին համահունչ:
Ըստ ՊԵԿ նախագահի տեղակալի` կոմիտեն որդեգրել է իր բոլոր գործընթացները առավելագույնս թվայնացնելու եւ մատուցվող ծառայությունների արդյունավետությունը բարձրացնելու քաղաքականություն, որի շրջանակում նախատեսվում է հարկ վճարողներին մատուցվող ծառայությունները հասանելի դարձնել նաեւ բջջային հավելվածների միջոցով:
Աշոտ Մուրադյանի փոխանցմամբ համավարակի պայմաններում պարետատան եւ տարբեր գերատեսչությունների հետ տեղեկատվության ակտիվ փոխանակում է իրականացվել, որի ժամանակ օգտագործվել են ՊԵԿ-ում ներդրված մեծ տվյալների վերլուծության, մեքենայացված ուսուցման եւ արհեստական բանականության հնարավորությունները: Բացի այդ, ՊԵԿ-ը ծրագրավորել է ՀՀ կառավարության սահմանած աջակցության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ դիմումների էլեկտրոնային ձեւերը: