14:56 | 02.02.21 | Նորություններ | 4123
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գոռ Մելիքյանը եւ Վրաստանում եւ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանություններին կից տնտեսական ծառայության պետ Ֆրանսուա Անրի Կլոարեկը նախօրեին կայացած հանդիպման ընթացքում քննարկել են տնտեսական համագործակցության ճանապարհային քարտեզ ստեղծելու վերաբերյալ գաղափարը:
Գոռ Մելիքյանը հյուրին ներկայացրել է նախարարության կառուցվածքը, իրականացված եւ պլանավորված գործողությունները, գործունեության հիմնական ոլորտները, որոնք ներառում են կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ տեղեկատվական անվտանգության, փոստի, բարձր տեխնոլոգիաների շուկայի, ռազմարդյունաբերության ոլորտներում ՀՀ Կառավարության քաղաքականությունը:
«Բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը խթանելը նախարարության հիմնական խնդիրն է, եւ այս առումով մեզ համար առաջնահերթ են նոր համագործակցությունների ձեռքբերումը, նոր շուկաներում եւ միջազգային նախագծերում ընդգրկվելը»,- ասել է ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը:
Ֆրանսուա Անրի Կլոարեկը նշել է, որ բարձր տեխնոլոգիաները Ֆրանսիայի համար եւս առաջնահերթությունների ցանկում են, կարեւորել է ստարտափների հիմնումը, եւ այդ առումով ընդգծել երկուստեք համընդհանուր ծրագրերը:
Հաշվի առնելով հայ-ֆրանսիական մշակութային, կրթական եւ գիտական սերտ կապերը՝ Գ․ Մելիքյանը նշել է, որ Հայաստանի եւ Ֆրանսիայի միջեւ առկա սերտ մշակութային եւ պատմական կապերը, բարեկամությունն առավել բարենպաստ պայմաններ է ստեղծում բարձր տեխնոլոգիաների ոլորտում էլ ավելի արագ տեմպերով համատեղ զարգանալու:
Նշվել է նաեւ, որ համագործակցության զարգացումը խրախուսելուն ուղղված գործողությունների պլանի իրագործման արդյունքում հնարավոր կլինի ակտիվ փոխգործակցությունն ու գործընկերությունը: Ուստի նախարարի առաջին տեղակալն առաջարկել է քննարկել երկու կողմերի հետաքրքրությունների շրջանակը եւ համագործակցության եզրեր գտնել, մշակել գործողությունների պլան եւ հայ- ֆրանսիական համագործակցության ճանապարհային քարտեզ ստեղծել բարձր տեխնոլոգիաների ոլորտում:
Գ․ Մելիքյանը հյուրին ներկայացրել է նաեւ սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2021» միջազգային ցուցահանդեսի մանրամասների եւ Ինժեներական քաղաք ծրագրի մասին։
Ֆրանսուա Անրի Կլոարեկը հայտնել է, որ ցանկալի կլինի ֆրանսիական ընկերությունների պատվիրակություն կազմել եւ այցելություններ կատարել Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու համար:
Հանդիպման ավարտին կողմերը նշել են, որ հայ-ֆրանսիական գործարար նախագծերը իրատեսական են եւ առաջիկայում օրակարգ կմշակվի հետագա գործունեության համար կկազմվի գործողությունների ծրագիր, ճանապարհային քարտեզ։