11:00 | 02.02.21 | Նորություններ | 4293

Գիտությունը` տնտեսության ամրապնդման միջոց

Այն մասին, որ գիտության զարգացումը նպաստում է յուրաքանչյուր երկրի զարգացմանը, երկու կարծիք լինել չի կարող։ Աշխարհի՝ զարգացած համարվող երկրներում դա վաղուց աքսիոմ է եւ հզոր պետությունների տնտեսության զարգացման հիմքը։

Գիտության ու տնտեսության կապը պարզ ձեւով արտահայտվում է շատ պարագաներում։ Ու եթե գիտությունը զարգանում է, ուրեմն մարդիկ աշխատում են եւ իրենց ունակությունները դրսեւորելու տեղ ունեն։ Արդեն պարզ է, թե ինչքան կարեւոր է գիտության զարգացումը Հայաստանի նման փոքր երկրի համար։

Գիտնականներին աշխատելու հնարավորություն տալով՝ նախ ստեղծվում են աշխատատեղեր, բացի այդ, նոր բացահայտումները սկսում են ծառայել պետության շահերի համար։ Վերջապես կասեցվում է հայ գիտնականների արտագաղթը այլ երկրներ։ Եվ այս ամենը նաեւ ծառայում է Հայաստանի տնտեսության առաջխաղացման համար։

Պոլիտեխնիկում արդեն գործում էին մի շարք հետազոտական կենտրոններ ու լաբորատորիաներ․ National Instruments, Synopsys, Microsoft Innovation Center։ Վերջերս «Ֆիլիպ Մորրիս»-ը նույնպես Հայաստանում հիմնեց գիտահետազոտական կենտրոն, որը գործում է Երեւանի Ճարտարագիտական Համալսարանում։ Նախ, վերանորոգվեց ու օգտագործվում է համալսարանի չշահագործվող տարածքը, բացի այդ էլ՝ հայ 19 գիտնականներ արդեն իրենց գործունեությունն են ծավալել կենտրոնում։ Կենտրոնի հիմնադրմամբ հայ գիտնականները հնարավորություն են ստացել իրենց փորձը փոխանակելու ու գիտական աշխատանքները համապատասխան ուղղություններով զարգացնելու համար․ արդեն գործում է կապը «Ֆիլիպ Մորրիս»-ի մյուս գիտահետազոտական կենտրոնների ու լաբորատորիաների հետ, որտեղ ամբողջ աշխարհով մեկ՝ 30 երկրների գիտական համայնք կա։ Մասնավորապես, կազմակերպության գիտահետազոտական առաջին կենտրոնում՝ Շվեյցարիայում, աշխատում են 430 գիտնականներ։

Զուգահեռ նրանք նաեւ համագործակցում են տեղական ինստիտուտների եւ հետազոտական կենտրոնների 120 գիտնականների հետ։ Այսպես, նախագծերի իրագործման համար PMI Science գիտահետազոտական կենտրոնը համագործակցում է Գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի, Սլավոնական, Ամերիկյան համալսարանների ու մի շարք այլ ինստիտուտների հետ՝ կառուցելով մի շղթա կամ էկոհամակարգ տեղական բոլոր խոշորագույն կենտրոնների հետ միասին։
«Ֆիլիպ Մորրիս»-ում համարում են, որ Հայաստանը գիտական շատ մեծ ներուժ ունի։ Եվ այդ ներուժը օգտագործելով՝ մեր երկիրը կարող է դառնալ տարածաշրջանում յուրատեսակ տեխնոլոգիական, մաթեմատիկական  նորարարական կենտրոն։

Իզուր չէ, որ «Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից նշանակված են կրթաթոշակներ հայ ասպիրանտների համար, ովքեր որոշել են զբաղվել գիտությամբ․ յուրաքանչյուր ամիս ստանալով 364 հազար դրամ կրթաթոշակ՝ նրանք հնարավորություն են ստանում մտածել միայն իրենց գիտական աշխատանքների մասին։

Հարկ է նշել նաեւ, որ մագիստրոսական ծրագրի շահառու է դարձել 43 ուսանող, ովքեր, ստանալով ֆինանսական աջակցություն, կարողացել են հոգալ իրենց ուսման ծախսերը։ Մի խոսքով՝ Հայաստանում որպես ուղղություն ընտրված «գիտական էկոհամակարգի զարգացում» տարբերակը  վերաբերում է գիտության ու կրթության ոլորտի ներդրումներին։