18:04 | 20.01.21 | Նորություններ | 4768
ՀՀ կապի երեք օպերատորները՝ Ucom-ը, Beeline-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը 2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին պետական բյուջե են վճարել 30.08 մլրդ դրամի հարկ, ինչը 3.2%-ով ցածր է անցած տարվա ցուցանիշից (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերջիններիս կողմից պետական բյուջե է վճարվել 31.07 մլրդ դրամի հարկ):
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցանկի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունն է: Այն 2020թ. չորրորդ եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 13.01 մլրդ դրամի հարկ, ինչը 31.6%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Խոշոր հարկատուների ցանկում ընկերությունը 2020թ. չորրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 10-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 14-րդ տեղի փոխարեն:
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Տելեկոմ Արմենիա» ընկերությունն է՝ 8.84 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 27.8%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցանկում 10-րդից դարձրել է 12-րդը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ապրանքանիշը ներկայացրել է «Վեոն Արմենիա» ընկերությունը):
Խոշորագույն հարկատուների ցանկում է նաեւ «Յուքոմ» ընկերությունը (13-րդ տեղ 18-րդի փոխարեն), որն ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 8.23 մլրդ դրամ հարկ, ինչը 8%-ով զիջում է 2019թ. ցուցանիշին:
1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (121-րդ տեղ՝ 176-ի փոխարեն, 1.56 մլրդ դրամ, աճ՝ 41.1%):
Այվազյան Աննա