16:05 | 28.12.20 | Նորություններ | 5954

Այս տարի «Ծրագրավորման հիմունքներ» դասընթացները 2000 մասնակից են ունեցել

Դեկտեմբերի 25-ին «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացների եւս 20 մասնակիցներ ստացել են հավաստագրեր:

Ծրագիրն անց էր կացվում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Հավաստագրերի հանձնման արարողությանը ներկա էր նաեւ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ով ողջունելով դասընթացի մասնակիցներին, հորդորեց կանգ չառնել՝ խորացնել ծրագրավորման ուղղությամբ գիտելիքներն ու փորձը՝ ի նպաստ Հայաստանի զարգացման ու հզորացման:

«Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացները մեկնարկել էին մայիսին առցանց ձեւաչափով, որոնց դիմել է ավելի քան 5000 դիմորդ: Դիմորդներից 2000-ն են անցել ընտրական փուլն ու հնարավորություն են ստացել մասնակցելու դասընթացներին, ընդ որում՝ Երեւանից մասնակիցները 990-ն էին, իսկ ՀՀ մարզերից եւ Արցախից՝ 1019-ը: Վկայականներ եւ մասնակցության հավաստագրեր է ստացել 1009 մասնակից:

Ամբողջ ծրագրի ընթացքում լավագույն արդյունքներ գրանցած 100 ուսանողի համար Հայ-ռուսական սլավոնական համալսարանը կազմակերպել եւ ֆինանսավորելու է անվճար խորացված դասընթացներ, իսկ հետագայում լավագույն 5 մասնակիցները ներգրավվելու են համալսարանի նախագծերի աշխատանքներում:

ՀՀ ԲՏԱ նախարարության դրամաշնորհի նպատակն է տեխնոլոգիական ոլորտ անցում կատարող սկսնակների համար պայմանների ստեղծումը «Ծրագրավորման հիմունքներ» անվճար դասընթացներին մասնակցության միջոցով: Ծրագրի ընթացքում արդեն իսկ տեխնոլոգիական ոլորտ անցում կատարելու ցանկություն են հայտնել ամենատարբեր մասնագետներ տուրիզմի, բանասիրության, լրագրության, իրավագիտության, հաշվապահության, մանկավարժության, անգամ՝ վարսահարդարության եւ խոհարարության ոլորտներից։