12:48 | 28.12.20 | Նորություններ | 6033

Դրամահավաք՝ DJI STEAM կրթական ծրագրերը Հայաստան ներմուծելու համար

Դեռեւս 2020 թվականի մարտից, նախքան Արցախյան վերջին պատերազմը, Ստարտափ Արմենիա հիմնադրամը սկսեց բանակցել աշխարհում առաջատար դրոնաշինական ընկերության՝ DJI-ի հետ, որպեսզի կարողանա Հայաստան ներմուծել նրա առաջատար STEAM կրթության ժամանակակից լուծումները։

DJI-ը աշխարհում դրոնների արտադրությամբ զբաղվող ամենախոշոր ընկերությունն է, որն իրացնում է համաշխարհային կոմերցիոն անօդաչու թռչող սարքերի (դրոնների) վաճառքների շուրջ 70%-ը։ Սպառողական դրոններից զատ, DJI-ը մշակել է նաեւ հատուկ STEAM համակարգի վրա ստեղծված կրթական ծրագրեր, որոնք հիմնված են իր իսկ հատուկ մշակված դրոնների եւ ռոբոտների վրա:

Նախնական բանակցությունների արդյունքում Ստարտափ Արմենիա հիմնադրամի հիմնադրած նոր ընկերությունը՝ «Ռեսփո»-ն դարձավ DJI STEAM-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Որոշակի ներդրումների շնորհիվ այս նոր ընկերությունը արդեն ձեռք է բերել DJI STEAM կրթական ծրագրերի մի մասը, որոնք օգտագործվում են աշխարհի առաջատար տեխնոլոգիական համալսարաններում: Այնուամենայնիվ, Հայաստանում կրթական ծրագրերի ամբողջական շարանն իրականացնելու համար զգացվում է հավելյալ ֆինանսական ներդրումների անհրաժեշտություն:

Հաշվի առնելով դրոնների եւ ռոբոտների վրա հիմնված կրթության օրըստօրե աճող կենսական կարեւորությունը, նամանավանդ այս վերջին պարտադրյալ պատերազմից հետո, ընկերությունը սկսել է դրամահավաք: Ստացված հասույթը կօգնի կրթել մասնագետներ, որոնք ապագայում կնպաստեն ազգային պաշտպանության եւ անվտանգության արդյունաբերության առաջխաղացմանը։

«Մենք ձգտում ենք այս նոր կրթական ծրագրերը մատչելի դարձնել հնարավորինս ավելի մեծ թվով տաղանդավոր հայ պատանի-երիտասարդների համար՝ այսպիսով ստանձնելով ազդեցիկ դեր դրոնների եւ ռոբոտների արտադրության ոլորտում Հայաստանը առաջատար երկիր դարձնելու կարեւոր գործում:

Ձեր մասնակցությունն այս դրամահավաքին անշուշտ կդառնա այն արժեքավոր ամանորյա նվերը, որը մեր պատանի-երիտասարդներին բացառիկ հնարավորություն կտա բացահայտելու իրենց թաքնված տաղանդը եւ վերաձեւավորելու Հայաստանի ապագան»,- նշել են ընկերությունում:

Հավելենք, որ նվիրատվություն կարելի է կատարել հետեւյալ հաշիվների միջոցով՝

Account holder’s name: Arsen Harutyunyan (CEO, Startup Armenia Foundation)
AMD | 1570024151620100
USD | 1570024151620201
EUR | 1570024151620146
Idram | 430771567