17:57 | 25.12.20 | Նորություններ | 35374

Նոր լաբորատորիաներ եւ նոր ուղղություններ՝ ՀԱՊՀ-ի «Խելացի լուծումների կենտրոնում»

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում 2019թ. վերջում հիմնադրված «Խելացի լուծումների կենտրոնը» ընդլայնում է իր գործունեությունը:

«Մենք այսօր տեսնում ենք, որ կարողությունները եռապատկվել են։ Բովանդակային առումով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ ՏՀՏ գործատուների միության համատեղ ջանքերի շնորհիվ այս տարի իրագործվել է շատ կարեւոր՝ Կիբեռանվտանգության կրթական ծրագիրը, որը, կորոնավիրուսով պայմանավորված իրականացվեց օնլայն եղանակով: Կարծում եմ, որ այդպիսի առաջադեմ ծրագրերը պետք է նաեւ Պոլիտեխնիկական համալսարանի որակյալ ծրագրերի հետ, կարողանանք ճիշտ ինտեգրել։ Այս տարի լավ նորություն ունենք՝ Պոլիտեխնիկական համալսարանի դիմորդների զգալի աճ կա եւ տեսնում ենք, որ հասարակության ավելի լայն շերտեր են գիտակցում ինժեներական կրթության կարեւորությունը: Ցանկանում եմ քաջալերել նրանց եւ հորդորել՝ գալ դեպի բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաերության ոլորտ՝ իրենց գիտելիքները ծառայեցնելու Հայաստանի հզորացմանը», - ասել է նախարար Հակոբ Արշակյանը:

«Արդեն ունենք տեխնիկապես հագեցած եւ վերանորոգված վեց լաբորատորիա: Այս տարվա համար նախատեսված էին վերապատրաստման, դասախոսների վերաորակավորման եւ մասնագիտական պատրաստման տարբեր դասընթացներ: Չնայած COVID-19-ով պայմանավորված իրավիճակին, Սինոփսիս Արմենիա ընկերության կրթական դեպարտամենտի աջակցությամբ կազմակերպվեց «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի դասախոսների վերապատրաստում: ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացվում է «Կիբերանվտանգություն» դասընթացը Երեւանի, Արցախի եւ մարզերի 150 մասնագետի համար: 2021-ին եւս նախատեսում ենք գործունեության ընդլայնում՝ դասավանդվող առարկաների,  լաբորատորիաների ավելացում: Ծրագրում ենք ստեղծել համատեղ աշխատանքային միջավայր (coworking space)՝ նախատեսված ԲՈՒՀ-երի ուսանողների եւ ստարտափերի համար»,- ներկայացրել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

«Խելացի լուծումների կենտրոնն ստեղծվեց Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ ընդամենը մեկ տարի առաջ եւ չնայած 2020 թվականին առաջացած դժվարություններին՝ կենտրոնն արդեն ունի տեխնիկապես հագեցած վեց լաբորատորիա: Այս կենտրոնն ունի մեծ ներուժ՝ բարձրագույն կրթական հաստատությունների, պետության ու մասնավոր հատվածի միջեւ հուսալի կամուրջ ապահովելու առումով: Լիահույս եմ, որ գալիք 2021 թվականի ընթացքում Խելացի լուծումների կենտրոնը հանդես կգա նոր ձեռքբերումներով ու կընդլայնի իր կրթական կարեւոր դերակատարությունը մեր երկրում», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Խելացի լուծումների կենտրոնը կարեւոր հարթակ է՝ գործատու-ԲՈՒՀ համագործակցությունն ավելի արդյունավետ դարձնելու եւ նոր ստարտափեր ձեւավորելու համար: Օրվա առաջին կեսը ՀԱՊՀ-ի ուսանողները կանցկացնեն իրենց դասերը կենտրոնում, որից հետո կկազմակերպվեն մասնագիտական տարբեր դասընթացներ եւ տեխնոլոգիական միջոցառումներ:

Կենտրոնում առկա լաբորատորիաներն ունեն հետեւյալ ուղղվածությունը՝

•    Կիբերանվտանգություն
•    Միկրոէլեկտրոնիկա
•    ՏՀՏ ժամանակակից ենթակառուցվածքներ
•    Արհեստական բանականություն
•    Իրերի համացանց
•    Ձեռներեցություն

Կենտրոնը ստեղծվել է Վիվա-ՄՏՍ ընկերության աջակցության շնորհիվ եւ հանդիսանում է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վառ օրինակ: