17:22 | 25.12.20 | Նորություններ | 7058
Դեկտեմբերի 24-ին եւ 25-ին Ռուսական արվեստի թանգարանում կազմակերպվեց ընդունելություն Արցախի տարբեր համայնքներից ժամանած եւ Երեւանում ապաստանած 45 երեխաների համար։
Ծրագրի իրականացման աջակիցն է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը։
Ռուսական արվեստի թանգարանը (պրոֆ․ Ա․ Աբրահամյանի հավաքածու), առաջնորդվելով թանգարանների ոչ ֆորմալ կրթական գործունեության միջազգային փորձով, երեխաների համար կազմակերպված կրթական ծրագրի շրջանակներում ներառել էր շրջայց թանգարանում եւ Բ. Գրիգորեւի «Կենդանաբանական այգի» նկարի ներկայացումը VR տեխնոլոգիայի միջոցով։
Տարբեր ինտերակտիվ խաղերի օգնությամբ երեխաները ծանոթացան կենդանիների տեսակներին, նրանց բնակության վայրին, նոր գիտելիներ ձեռք բերեցին կենդանական աշխարհի եւ շրջակա բնության վերաբերյալ։ Իսկ ծրագրի գործնական մասում, երեխաները VR ակնոցների միջոցով հայտնվեցին հենց նկարի «ներսում»։
Նկարի հիման վրա նախապես ստեղծված 3D միջավայրը հնարավորություն է տալիս «շրջելու» ռուս մեծ նկարիչ Բ. Գրիգորեւի ստեղծած «Կենդանաբանական այգում» եւ ունկնդրելու նկարի պատմությունը երեք լեզվով՝ հայերեն, անգլերեն եւ ռուսերեն։
«Շատ կարեւոր է երեխաների շրջանում ապահովել կապը արվեստի հետ, իսկ մեր օրերում նորագույն տեխնոլոգիաների կիրառումն էլ ավելի գրավիչ եւ հագեցած է դարձնում այդ գործընթացը։ Այս երկու օրերի ընթացքում Արցախից ժամանած մեր երեխաները եւս հնարավորություն ստացան նորովի հաղորդակցվելու արվեստի հետ, եւ վստահ եմ, դրական տպավորություններ ու նոր գիտելիքներ ստացան կրթական ծրագրի ավարտին։ Այս նոր եւ եզակի ծագիրը նպատակ ունի բացահայտելու արվեստի ստեղծագործությունը այլ տեսանկյունից՝ փաստելով, որ ցանկացած բնագավառում տեխնոլոգիաներն են մեր ապագան», -նշել է «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆ Ա․ Աբրահամյանի հավաքածու) կայացել էր ռուս նկարիչ Բ․ Գրիգորեւի «Կենդանաբանական այգի» գեղանկարի վիրտուալ իրականության (Virtual Reality, VR) հավելվածի շնորհանդեսը։ Այս նախագիծը եւս իրականացվել է «Ռոստելեկոմ» Հայաստանի հովանավորությամբ։