16:44 | 10.12.20 | Նորություններ | 4020

Քննարկվել է Շիրակի մարզի 2021թ. ՏՀՏ ռազմավարությունը

ՏՀՏ գործատուների միության Շիրակի մարզային կենտրոնը նախօրեին կազմակերպել էր քննարկում՝ նվիրված Շիրակի մարզի 2021թ. ՏՀՏ ռազմավարությանը:

Միջոցառման հիմնական նպատակն էր գույքագրել Շիրակի մարզի առկա ՏՀՏ հնարավորությունները, ներկայացնել նոր կրթական ծրագրերը եւ նախանշել զարգացման հիմնական ուղղությունները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը, Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար, ՁԻՀ-ի Շիրակի մարզի զարգացման խորհրդական՝ Արտակ Գեւորգյանը, անդամ կազմակերպությունները եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

«2019 թվականին ՏՀՏ գործատուների միությունը հիմնեց «Խելացի լուծումների կենտրոնը» ՀԱՊՀ-ում: Կենտրոնը սկսել է իր գործունեությունը անցկացնելով հեռահար դասընթացներ:

Արդեն իրականացրել ենք «Միկրոէլէկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստման դասընթաց, այս պահին ՀՀ ԲՏԱ նախարարության հետ համատեղ անցկացվում է «Կիբեռանվտագություն» դասընթացը: ՏՀՏ գործատուների միության 2021 թվականի ռազմավարական ուղղություններից, մեծ ուշադրություն ենք դարձնելու կրթությանը: Այս նպատակով նաեւ կազմակերպել ենք այս միջոցառումը՝ գույքագրելու Շիրակի մարզի առկա հնարավորությունները, լսելու մեր գործընկերների առաջարկները եւ միասին կազմելու զարգացման ուղղեցույցը»,- նշել է ՏՀՏ գործատուների միության գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը:

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կարեւորել է այսօրինակ քննարկումների անցկացումը:

«Բոլորի համար ակնհայտ է, որ որեւէ բնագավառում զարգացման մասին խոսելուց պետք է սկսել կրթությունից։ Այն, որ մեր կրթության բնագավառում կան բազմաթիվ հիմնահարցեր՝ դա եւս բոլորի համար ակնհայտ է։ Դրանց լուծմանը միտված բազմաթիվ ծրագրեր կան, բայց մեզ համար հասկանալի է, որ առավել մասշտաբային արդյունք ստանալու համար մոտեցումների ու գործիքակազմերի փոփոխություն է անհրաժեշտ»։

Շիրակի մարզային կենտրոնի ղեկավար, ՁԻՀ -ի Շիրակի մարզի զարգացման խորհրդական Արտակ Գեւորգյանլ էլ ներկայացրել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ PMI Science-ի աջակցությամբ մեկնարկող «Ինկուբացիոն ծրագրը», որին Շիրակի մարզից արդեն 14 կազմակերպություն է դիմել:

Հանդիպման ավարտին որոշվեց այսպիսի հանդիպումները դարձնել պարբերական, եւ հաջորդ անգամ հրավիրել կրթական հաստատությունների ներկայացուցիչներին: