16:30 | 30.11.20 | Նորություններ | 3231
Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Ռազմարդյունաբերության կոմիտեի նիստ, որի ընթացքում Փաշինյանն անդրադարձել է ռազմարդյունաբերական համալիրի կայացման հարցին.
«2015 թվականին Հայաստանում «Ռազմարդյունաբերական համալիրի» մասին օրենքի ընդունումից հետո ռազմարդյունաբերությունը մեր երկրի ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն է: Բայց, ըստ էության, մենք կարող ենք արձանագրել, որ այն արդյունքները, որ այսօր ունենք, ամենեւին գոհացուցիչ չեն, որովհետեւ, ցավոք, մեզ չի հաջողվել հասնել այնպիսի համակարգերի ձեւավորման, որ կարողանանք ասել, որ ռազմաարդյունաբերական համալիրը Հայաստանի Հանրապետությունում կայացել է:
Մենք, նաեւ նոր իրադրության բերումով, երեւի թե պետք է ամփոփենք նախորդ շրջանի կատարվածը, նախորդ շրջանի բացթողումները եւ հասկանանք, թե ինչպիսի իրատեսական ծրագրեր կարող ենք ունենալ ռազմարդյունաբերության ոլորտում, որ առաջինը՝ այդ համալիրը կարողանա մեր երկրի տնտեսության եւ արդյունաբերության տանող շարժիչ ուժը դառնալ եւ, մյուս կողմից, կարողանա ապահովել անվտանգության մեր կարիքները ժամանակակից մարտահրավերներին համապատասխան»,- նշել է նա:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդես է եկել զեկույցով՝ ռազմարդյունաբերական համալիրի կողմից կատարված աշխատանքների եւ ընթացիկ վիճակի վերաբերյալ:
Քննարկում է ծավալվել պատերազմից հետո ձեւավորված իրողությունների պայմաններում զարգացման ուղղությունների եւ հետագա անելիքների շուրջ:
Արծարծվել են ռազմարդյունաբերական համալիրի տեխնոլոգիական զարգացմանը, համապատասխան մասնագետներով համալրմանը, տեխնոլոգիական կրթության խրախուսմանը, գիտություն-տնտեսություն-ռազմարդյունաբերություն գործուն կապի ստեղծմանը վերաբերող հարցեր:
Առաջնահերթություն են համարվել կրթության համակարգի բարեփոխումները եւ ռազմարդյունաբերական համալիրի համար անհրաժեշտ մասնագետների պահանջարկի համալրման ուղղությամբ աշխատանքները: Ներկայացվել է 2020-2021թթ. հատուկ գիտահետազոտական եւ փորձակոնստրուկտորական աշխատանքների ցանկը: