14:19 | 21.10.20 | Նորություններ | 3586

Հայաստանի ռազմարդյունաբերության համալիրն աշխատում է շուրջօրյա՝ ողջ ծավալով

Շարունակվում են ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հաճախակի աշխատանքային այցերը ռազմարդյունաբերական համալիրի ընկերություններ, ինչպես նաեւ պարբերական բնույթ կրող հանդիպում-քննարկումները՝ ներկայացուցիչների հետ:

Ռազմական դրության պայմաններում առավել քան ընդգծվում է ռազմարդյունաբերական կոմիտեի կողմից իրականացվող գործունեության կարեւորությունը, որն այս օրերինաշխատում է՝ օգտագործելով արտադրական բոլոր հզորությունները:

Գիտակցելով ողջ պատասխանատվությունը՝ ՌԱԿ ընկերությունները 24/7 ռեժիմով իրականացնում են բազմաբնույթ աշխատանքներ՝ վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչեւ հարվածային եւ պաշտպանական միջոցների արտադրություն, նմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչեւ նոր խնդիրների լուծում։

Նախարարի այցերի եւ հանդիպումների ընթացքում կառույցի ղեկավարին են ներկայացվել ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից արտադրվող զինատեսակները, լայնորեն կիրառվող եւկատարելագործվող, ինչպես նաեւ փորձարկվող նոր նմուշներն ու մշակումները:

Ռազմարդյունաբերական մի շարք ընկերություններում տրամադրվում են վերանորոգման եւ արտադրական ծառայություններ, որոնք մեծապես նպաստում են զենքի եւ զինամթերքի պաշարների համալրմանը ակտիվ գործողությունների ընթացքում:

Նոր սերնդի մշակված եւ կիրառվող ռազմատեխնիկական լուծումները շարունակում են արդիականացվել, կատարելագործվել եւ տրամադրվել գործարկման՝ հիմքում ունենալով առկա ռազմական խնդիրներն ու հակառակորդի կողմից կիրառվող տեխնոլոգիաները: