18:11 | 01.10.20 | Նորություններ | 2324

Ռոմինգի սակագինն Արցախում այսօրվանից կնվազի

Հայաստանի շարժական կապի 3 օպերատորները՝ Ucom-ը, Beeline-ը եւ Վիվա-ՄՏՍ-ը, հայտարարություն են տարածել՝ Արցախում ռոմինգի սակագների իջեցման վերաբերյալ:

Ամբողջական հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ:

«Արցախում գործող շարժական կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցի մասնակի վերականգնման, թողունակության ավելացման եւ հայաստանյան երեք օպերատորների ու «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ միջեւ քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ռոմինգի սակագների իջեցման վերաբերյալ:

Ըստ այդմ՝ 2020թ. հոկտեմբերի 1-ի ժամը 18:00-ից սկսած` «Ղարաբաղ Տելեկոմի» ՓԲԸ ցանցում ռոմինգի մուտքային (մինչ այդ գործող սակագինը՝ 14 դրամ) եւ ելքային` դեպի ՀՀ բոլոր ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ), ինչպես նաեւ դեպի «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ շարժական ու ֆիքսված ցանցերի (մինչ այդ գործող սակագինը՝ 28 դրամ) հեռախոսահամարներին զանգերի համար սակագինը կկազմի 5 դրամ՝ 1 րոպեի համար:

SMS (կարճ) հաղորդագրությունների սակագինը նույնպես կկազմի 5 դրամ:

Հայտարարված սակագինը կգործի մինչեւ հավելյալ տեղեկացում:

Սակագների իջեցումը պայմանավորված է «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ որոշումով՝ հաշվի առնելով ներկայում օպերատորի տեխնիկական հնարավորությունները:

Միեւնույն ժամանակ, հորդորում ենք զանգեր կատարել բացառապես ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ ցանցը գերբեռնվածությունից հնարավորինս զերծ պահելու համար:

Թյուրըմբռնումներն ու շահարկումները կանխելու նպատակով, հարկ ենք համարում եւս մեկ անգամ տեղեկացնել, որ ռոմինգը ոլորտի ստանդարտ է, որը տեխնիկապես ներդրված է՝ հիմք ընդունելով հեռահաղորդակցության ոլորտի միջազգային եւ ներպետական իրավական կարգավորումները:

Հայաստանյան օպերատորները ռոմինգը վերացնելու իրավասություն չունեն, գործում են պետության կողմից տրամադրված լիցենզիաների եւ ՀԾԿՀ կողմից ընդունված իրավական ակտերի շրջանակներում՝ բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: