14:37 | 17.09.20 | Նորություններ | 2607

ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի շինարարությունը կմեկնարկի 2021թ.-ին

Պետության աջակցությամբ եւ Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Երեւանում կստեղծվի ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական եւ կիրառական գիտությունների համալիր:

Նոր համալիրի հիմնումը նախատեսված է դեռեւս 2018թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված` «Հայաստանում ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնություն. Կրթության բարելավում՝ հատկապես գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի ոլորտներում» համաձայնագրով։

ԹՈՒՄՈ ինժեներական եւ կիրառական գիտությունների նոր համալիր կառուցման նպատակով ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում տարածք է հատկացվել Սիմոնյան կրթական հիմնադրամին։

Զեկուցող ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ նոր համալիրի շինարարությունը կմեկնարկի 2021թ. եւ կավարտվի երկու տարվա ընթացքում։ Ծրագրի շրջանակում ԹՈՒՄՈ կենտրոնին կից նախատեսվում է կառուցվել մոտ 15000 մ2 մակերես ունեցող շինություն, որը ներառելու է կրթական, հետազոտական եւ առեւտրային ենթակառուցվածքներ, մասնավորապես` STEM հետազոտությունների լաբորատորիաներ։ Սա կլինի Թումո ծրագրի տրամաբանական շարունակությունը եւ հնարավորություն կտա ԲՈՒՀ-երում սովորող ուսանողներին եւ երիտասարդ մասնագետներին՝ 18 տարին լրանալուց հետո ձեռք բերել STEM հմտություններ։

Ստեղծվելու է Թումո-լաբս բաղադրիչը, մեծահասակների ծրագրավորողների դպրոցը, որն անկախ տարիքից հնարավորություն կտա բոլորին վերամասնագիտանալ բարձր տեխնոլոգիաների ասպարեզում եւ աշխատանք գտնել ՏՏ ոլորտում։ Նոր համալիրը միաժամանակ կհանդիսանա Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի նոր ֆակուլտետ, ստարտափների հանգույց, գրասենյակների եւ կոնֆերանսների կենտրոն եւ կոմերցիոն տարածք` կենտրոնի երկարաժամկետ ֆինանսական կայունությունն ապահովելու համար:

Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ ծրագրի իրականացումն համահունչ է բարձրագույն կրթության ոլորտում ԿԳՄՍ նախարարության որդեգրած ռազմավարությանը, որն ենթադրում է միջբուհական համագործակցության ակտիվացում, բուհերում հետազոտական ծրագրերի ավելացում։

Շուրջ 15000 մ2 մակերեսով հողատարածքը տրամադրվել է բարերարի՝ «Էփիջի Լէբս Էյէմ» ՍՊԸ-ի համաձայնությամբ: