12:38 | 17.09.20 | Նորություններ | 2153

ԱՏՁՄ-ն նախատեսում է բազմաթիվ ծրագրեր վերագործարկել

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը նախօրեին հանդիպում է ունեցել Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանի եւ նորանշանակ տնօրեն Րաֆֆի Քասսարջյանի հետ:

Հակոբ Արշակյանը շնորհավորել է  Րաֆֆի Քասսարջյանին իր նոր՝ պարտավորեցնող պաշտոնում, համոզմունք հայտնել, որ հիմքում ունենալով Կարեն Վարդանյանի թողած նշանակալի ժառանգությունը, նոր նախագծեր կմշակվեն եւ կյանքի կկոչվեն միության կողմից վերջինիս տնօրինությամբ:

Նախարարը նշել է, որ ինքն էլ, լինելով մասնագիտությամբ ինժեներ, քաջատեղյակ է, թե որքան կարեւոր է ԱՏՁՄ-ի դերը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի համար, որը ողնաշարի դեր է կատարել այս ասպարեզում, թե՛ իբրեւ տեսլական թելադրող, թե՛ ոլորտի լոբբինգի իրականացնող եւ թե այլ շատ առումներով:

Նա տեղեկացրել է, որ ներկայումս նախարարությունը ստանձնել է մի շարք ինստիտուցիոնալ նախագծերի իրականացում, որոնք ներառում են կրթությունից, գիտելիքից մինչեւ ընկերության ստեղծում, հիմնում, ձեռներեցության զարգացում, ֆինանսների ներգրավում, ենթակառուցվածքային այլ ծրագրեր: Ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտում եւս շտկումներ են լինելու:

ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը նշել է, որ երկար քննարկումների արդյունքում է Րաֆֆի Քասսարջյանը նշանակվել տնօրենի պաշտոնում եւ ներկայումս միությունը վերագործարկելու է բազմաթիվ ծրագրեր, այդ թվում՝ նախարարության ռազմավարական զարգացմանը նպաստող: Եսայանը ներկայացրել է ԱՏՁՄ ռազմավարությունը, զարգացման հիմնական ուղղությունները եւ նշել, որ ակնկալում են նախարարության աջակցությունը դասընթացների եւ այլ տեսլականների իրականացման հարցերում:

Րաֆֆի Քասսարջյանը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար եւ նշել, որ իր համար ուրախալի է այն փաստը, որ նախարարը եւս բարձր տեխնոլոգիաների ոլորտից է եւ լավ է պատկերացնում ոլորտի խնդիրներն ու առաջնահերթությունները: Քասսարջյանը մատնանշել է ոլորտում փոփոխությունների անհրաժեշտությունը, քանի որ այն, ինչ նախատեսված էր 5 տարի, 10 տարի առաջ, այժմ արդիական չէ եւ արագ զարգացման կարիք ունի․ կարեւորել է փաստը, որ ներկայումս լուծված են հարկային, մաքսային խնդիրների գերակշիռ մասը, ստարտափների համար բարենպաստ միջավայր է ձեւավորված, ակնհայտ է ռազմարդյունաբերության ոլորտի առաջընթացը եւ հիմնական խոչընդոտը ռեսուրսների առկայության խնդիրն է:

Նախարարը նշել է, որ «Վիրտուալ կամուրջ մարզերի համար» ծրագրի շրջանակներում քարտեզագրում է կատարվել, ինտերակտիվ ուսուցում է իրականացվում մարզերում՝ Երեւանից հնարավորինս շատ գիտելիք մարզեր տանելու նպատակով: Նախատեսվում է դրամաշնորհներ տրամադրել ձեռներեցներին՝ մարզերում ընկերություններ հիմնելու նպատակով, ինչն իր հերթին ինստիտուցիոնալ մեխանիզմներ կձեւավորի որակյալ կադրերին մարզեր ուղղորդելու  եւ տեղում բացահայտելու գործում:

Հանդիպման ավարտին Հակոբ Արշակյանը, ամփոփելով նախարարություն - ԱՏՁՄ հարաբերությունների զարգացման ուղղությունները եւ հեռանկարները, համոզմունք է հայտնել համատեղ ջանքերով մեծ արդյունավետությամբ եւ պատասխանատվությամբ աշխատելու վերաբերյալ: