17:55 | 15.09.20 | Նորություններ | 1945

Նախարար. Արցախի եւ ՀՀ-ի միջեւ բջջային կապի սակագնի 50 տոկոսի նվազում է արձանագրվել

ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն այսօր ընդունել է Արցախի էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների փոստային կապի օպերատորների միջեւ փոստափոխադրման բնագավառում ծագած փոխհարաբերությունների կարգավորման, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքների մշակման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում Արցախից մասնակիցների ներգրավվածության հարցին, կարեւորվել համագործակցության խթանումը նաեւ այս ոլորտում:

Հակոբ Արշակյանը անդրադարձել է նախկինում կատարված համատեղ աշխատանքների արդյունքներին՝ մասնավորապես ԱՀ-ի եւ ՀՀ-ի միջեւ բջջային կապի սակագների իջեցմանը: «Համատեղ աշխատանքի արդյունքում սակագնի ավելի քան 50 տոկոսի նվազում է արձանագրվել, որը սոցիալական ազդեցությունից զատ զգալիորեն ավելացրել է նաեւ հաղորդակցության որակը եւ ծավալը»,- նշել է  նախարարը:

Հակոբ Արշակյանը կարեւորել է Արցախի երիտասարդության մասնակցությունը ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում՝ մասնավորապես  տեխնոլոգիական 19 ուղղություններով կազմակերպվող առցանց դասընթացներում, «Վիրտուալ կամուրջ» եւ այլ ծրագրերում:

Արցախի հանրապետության էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանն իր հերթին նշել է, որ երկու հանրապետությունների օպերատորների փոխգործակցությունը զգալի թեթեւություն է առաջացրել Արցախում եւ համագործակցության լավ հիմք դրել՝ հետագայում ծառայությունների պլանավորման եւ զարգացման առումով:

Լեւոն Գրիգորյանն անդրադարձել է նաեւ Արցախում ՏՏ ոլորտի զարգացման տեսլականին՝ ընդգծելով համատեղ ծրագրեր մշակելու, հայաստանյան փորձն ընդօրինակելու եւ տեխնոլոգիական ընտանիքի անդամ դառնալու կարեւորությունը:

Կապի, փոստային ոլորտում ծառայությունները հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքները, թվայնացման, կիբեռանվտանգության հետ կապված հարցերը եւս առաջնահերթությունների շարքում են: