17:11 | 08.09.20 | Նորություններ | 13047
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն սկսել է Ներքին Կարմիրաղբյուրում ներգախնայող համակարգի ներդրման՝ երկրորդ փուլի աշխատանքները:
Դրանք ժամանակավորապես ընդհատվել են՝ հուլիսին սահմանում տիրող իրավիճակի պատճառով, սակայն կարճ ժամանակ անց վերսկսվել են:
Երեսուն տարվա խնդիրը լուծելու համար, սահման պահող գյուղը ժամանակին հնարամիտ մոտեցում է դրսեւորել: Ֆինանսական միջոցներով պայմանավորված՝ հարցը լուծվել է մասամբ. ոչ այնպես, ինչպես անհրաժեշտ է, այլ այնպես՝ ինչպես հնարավոր է: Հակառակորդի անկանխատեսելի վարքագծից խուսափելու նպատակով՝ թույլ լուսավորող լուսատուներն ամրացվել են տարբեր նպատակի ծառայող փայտյա հին սյուներին: Իսկ դրանք անձրեւաջրերից պաշտպանելու համար՝ որպես պաշտպանիչ կաղապար, օգտագործվել են ըմպելիքների համար նախատեսված պլաստմասե տարաները: LED լուսատուներով գյուղը համալրելու՝ գործընկեր կազմակերպությունների աջակցությունից հետո, ինքնաշեն լուսատուներն այլեւս չեն շահագործվել:
«Երբ առաջին անգամ տեսանյութում տեսա, թե ինչպես եք փորձել ձեր ուժերով լուծել լուսավորության խնդիրը` զգացի, որ անհրաժեշտ է շատ արագ արձագանքել։ Ուրախ եմ, որ հիմա խնդիրը կարգավորվել է։ Սահմանապահ գյուղում ապրողը պետք է վստահ լինի, որ անտեսված չէ։ Ամուր մնացեք, շենացրեք հողը եւ միշտ լավատես եղեք։ Ձեր կողքին ենք»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2019թ. գործընկերները Ներքին Կարմիրաղբյուրում տեղադրել են 48 LED լուսարձակ՝ լուսավորելով կարեւոր նշանակության՝ շուրջ 1800մ հատված: Ընթացքում են շուրջ 1200 մետրի լուսավորության աշխատանքները: Այդ նպատակով կտեղադրվի եւս 32 LED լուսարձակ: Գյուղի վարչական ղեկավարը կարեւոր է համարում ժամանակակից համակարգի ընձեռած առավելությունը:
«Եթե նախկինում, ժամը 19:00-ից հետո, մարդիկ տանից դուրս չէին գալիս, այժմ այլ պատկեր ունենք: Ոգեւորությունը մեծ է. անգամ կեսգիշերից հետո, գյուղում շարժ կա: Մարդիկ համեմատաբար հանգիստ են, գյուղը կանգուն է եւ հակառակորդի կողմից երեւում է լույսերի մեջ»,- ասել է վարչական ղեկավար Լեւոն Առաքելյանը:
Մինչեւ տարեվերջ, Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Հայաստանի տարբեր մարզերում կլուծեն փողոցների լուսավորության խնդիր: LED լուսատուները խնայողության, բնապահպանական արդյունքի եւ լույսի որակի տեսանկյունից, առայժմ անգերազանցելի են: