16:55 | 31.08.20 | Նորություններ | 2356

Ավտոմատացված անիմացիայի ծրագիր Tumo Labs-ից եւ Osensus-ից

Թումո լաբորատորիաների եւ Osensus ընկերության համատեղ նախագծի շրջանակում մի քանի ամսվա աշխատանքի արդյունքում ուսանողները ստեղծել են 3D մոդելների ավտոմատացված rigging եւ անիմացիա անող ծրագիր։
 
Այս ամենն իրականացնելու համար նրանք օգտագործել են արհեստական բանականություն եւ մեքենայական ուսուցում, ծանոթացել են 3D մոդավորման փուլերին եւ սովորել Autodesk Maya, ZBrush ծրագրերը։ Բացի դրանից, սկզբնական փուլում օգտագործել են 3DFascination սքաները՝ 3D մոդելներ ստանալու համար։ Այս «հսկայի» հնարավորություններին եւ աշխատանքի նրբություններին ուսանողներին ծանոթացրել է հենց դրա ստեղծողը՝ Ալֆրեդ Վայցենաուերը։



«Մինչ օրս մեր 3D մոդելները կայուն էին ու չէին շարժվում։ Բայց հիմա արդեն ունենք լրացված իրականությունը 3D օբյեկտներով լրացնելու հնարավորությունը։ Դա կարող է լինել նույնքան պարզ, որքան ձեր սմարթֆոնը, օգտագործելով մեր սքանավորած 3D օբյեկտներից մեկը անմիջապես AR կարգավորումներին միացնելը»,- ասում է Ալֆրեդը։


Osensus-ի թիմը նախկինում իր առջեւ խնդիր էր դնել մատուցել եռաչափ սքանավորված օբյեկտների ամբողջական մաքրման ծառայություններ, սակայն հետո որոշել են ստեղծել ամբողջական ծրագրային փաթեթ։

Ընկերության հիմնադիր Սուրեն Աբրահամյանը նշում է, որ նման զարգացումը լավագույնը կարող էր լինել Թումո լաբորատորիաների հետ համագործակցության եւ նախագծին մասնակցող հետաքրքրասեր երիտասարդների օգնությամբ․ «Սա, միանշանակ, իդեալական սկիզբ էր այն ուսանողների եւ երիտասարդ մասնագետների համար, ովքեր ցանկանում էին բացահայտել 3D մոդելավորման եւ AR/VR-ի աշխարհը»։

Նախագծի ընթացքում ուսանողները ստեղծել եւ զարգացրել են ավտոմատացված կմախքային անիմացիայի գործընթացը (rigging) ու եռաչափ մոդելների անիմացիաները։ Խոսելով ծրագրի մասին, Սուրենը նշում է, որ մինչեւ այժմ այս գործընթացը հիմնականում արվել է ձեռքով եւ այդ պրոցեսը շատ երկար է տեւել՝ պահանջելով բավականին լուրջ գիտելիքներ։ Ծրագիրը վերջնական տեսքի բերելու համար դեռ անելիքներ կան, որոնք նախագծի կազմակերպիչները մտադրված են անել ուսանողների ներգրավմամբ․ «Թերություններ կան, որ կարելի է շտկել, անիմացիայի որակը եւ դիրքերը, որոնք մենք ֆիքսում ենք արհեստական բանականության միջոցով, պետք է էլ ավելի լավացնել»։

Ըստ Թումո լաբորատորիաներ նախագծի ղեկավար Բահարե Ֆաթեմիի, համագործակցության արդյունքում ստեղծված ծրագիրը բավականին մեծ հետաքրքրություն է առաջացրել 3D մոդելավորման եւ մեքենայական ուսուցման նկատմամբ։  

«Իր տեսակով այս նախագիծը եզակի էր, քանի որ դրա ընթացքում լուծում տրվեց առկա խնդրին: Այս արդյունքն ապացույցն է այն բանի, թե ինչ ոգեւորությամբ եւ քրտնաջան է աշխատել թիմը, նույնիսկ ներկայիս համաճարակային իրավիճակի պայմաններում: Թումո լաբորատորիաները հաճույք է ստանում առաքելություն ունեցող թիմի հետ աշխատանքից, ինչպիսիք են Osensus-ը եւ մեր՝ էներգիայով լի երիտասարդները»:

Թումո լաբորատորիաները եւ Osensus ընկերությունն ներկայումս մշակում են ծրագրի երկրորդ մասը, որի մասին շուտով կհայտարարվի ԵՄ Թումո համալիրի կայքում եւ Թումո լաբորատորիաների ֆեյսբուքյան էջում։