15:38 | 26.08.20 | Նորություններ | 2064

BANA-ն «Եվրոպայի Բիզնես Հրեշտակներ» կազմակերպության անդամ է դարձել

«Հայաստանի Բիզնես Հրեշտակների Ցանց»-ը (Business Angel Network of Armenia- BANA) դարձել է «Եվրոպայի Բիզնես Հրեշտակներ» (Business Angels Europe - BAE)  կազմակերպության անդամ:

BANA-ն հիմնադրման օրվանից (2017թ.) նպատակ ունի խթանել Հայաստանում ներդրումների մշակույթը եւ զարգացնել վաղ շրջանի ներդրումային էկոհամակարգը: Կազմակերպությունն առաջարկում է լավագույն ներդրումային հնարավորությունները միջազգային եւ լոկալ ներդրողների համար։

2019թ-ից ի վեր BANA-ն սկսել է համագործակցել «Եվրոպայի Բիզնես Հրեշտակներ» կազմակերպության հետ եւ մասնակցել ESIL նախագծին (The Early-Stage Investing Launchpad project)՝ ֆինանսավորված Եվրոպական Հանձնաժողովի կողմից։

«Ուրախ ենք ողջունել BANA-ին որպես կազմակերպության նոր անդամ։ Այս անդամակցությունը ավելի կխորացնի եւ կամրապնդի կապերը Եվրոպայի եւ հայ բիզնես հրեշտակների միջեւ։ Սպասում ենք փորձի ու գաղափարների փոխանակման եւ նոր բիզնես հնարավորությունների այս նորարար էկոհամակարգի հետ համագործակցության ընթացքում»,- ասել է BAE նախագահ Լուիջի Ամատին:

«BAE-ի անդամակից լինելը մեզ համար մեծ հնարավորություն է: Մենք բաց ենք նոր համագործակցությունների Եվրոպայում եւ պատրաստ ենք ներկայացնել աշխարհում ամենաարագ զարգացող էկոհամակարգերից մեկը»,- իր հերթին նշել է BANA-ի հիմնադիր Գրիգոր Հովհաննիսյանը: