11:15 | 26.08.20 | Նորություններ | 1938

Hero House-ի արհեստական բանականության ինկուբացիոն ծրագիրն ընդունում է հայտեր

Հարավարեւելյանային Եվրոպայի եվրոպական ֆոնդի Ձեռնարկատիրության ակադեմիան եւ SmartGateVC-ն միավորում են ուժերը իրականացնելու Hero House-ի արհեստական բանականության ինկուբացիոն ծրագրը:

Այն նպաստում է նորարարության եւ գիտության զարգացմանը՝ աջակցելով գիտական հետազոտություններին, որոնք կազմակերպություններին զինում են ժամանակակից տեխնոլոգիաներով եւ մասշտաբայնացման հնարավորություն տալիս:

Ծրագրի ընթացքում ուսանողներն աշխատում են հետազոտության ղեկավարների եւ ընկերությունների ներկայացուցիչների հետ` ընկերությունների առջեւ արհեստական բանականության բնագավառում ծառացած տեխնոլոգիական մարտահրավերները հայտնաբերելու եւ համապատասխան լուծումներ ստեղծելու համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսանողներին ձեռք բերել գործնական եւ կիրառական փորձ՝ փորձառու մասնագետների հսկողության ներքո աշխատելով:

Ուսանողները ստանում են բացառիկ մենթորություն Հայաստանում ԱԲ մասնագետների կողմից, աշխատում են հաջողակ ձեռներեցների, առաջատար գիտնականների եւ վաղ փուլերի ստարտափների հետ ՝ ընկերությունների համար շուկայի նոր հնարավորություններ բացահայտելու եւ ինկուբատորից նշանակալից գործնական փորձ ստանալու համար:

«Ինկուբացիոն ծրագիրը փայլուն նախաձեռնություն էր, որը հիմնովին փոխեց իմ մասնագիտական կարիերայի հետագա ընթացքը: Պրոֆեսիոնալ մենթորների ղեկավարությամբ 2 ամսվա ինտենսիվ աշխատանքը իրական ընկերությունում տեխնոլոգիական խնդիրների շուրջ թույլ տվեց խորապես եւ բազմակողմանիորեն ծանոթանալ արհեստական բանականության  գործիքակազմի կիրառման առանձնահատկություններին եւ հնարավորություններին: Գործնական հմտություններն ու գիտելիքները, հետաքրքիր ու անհրաժեշտ կապերի հաստատումը, եւ  Embry Tech-ի նման խոստումնալից ստարտափում  աշխատել շարունակելու հնարավորությունը դարձան իմ ամենակարեւոր նվաճումները: Եվ ամեն անգամ հետ նայելիս, ես խորապես շնորհակալ եմ լինում նախաձեռնությանը`որ այն տեղի է ունեցել իմ կյանքում»,- նշել է Hero House-ի արհեստական բանականության ինկուբացիոն ծրագրի առաջին շրջափուլի շրջանավարտ Նարե Սմբատյանը:

Ծրագրի առաջին փորձնական շրջափուլը իրականացվել է Եվրոպական Միության SMEDA ծրագրի աջակցությամբ։  Այն տեղի է ունեցել 2019թ. հունիսից սեպտեմբեր ամիսներին, որի ընթացքում 11 հետազոտողներ աջակցել են 7 ընկերությունների ԱԲ մոդելների ստեղծմանը: Այդ ժամանակից ի վեր ծրագիրը մեծ պահանջարկ ունի տեխնոլոգիական համայնքում:

Հարավարեւելյան Եվրոպայի եվրոպական ֆոնդն աջակցում է ծրագրի երկրորդ շրջափուլի իրականացմանը, որը կարտացոլի փորձնական շրջափուլից վերցված դասերը եւ 12 ընկերությունների, 24 ուսանողների եւ 6 հետազոտական  ղեկավարների ներգրավման արդյունքում կունենա ավելի մեծ ազդեցություն: Ծրագրի հետազոտական մասի տեւողությունը 18 շաբաթ է՝ սեպտեմբերի 14-ից մինչեւ 2021-ի հունվարի 22-ը:

Ծրագրի երկրորդ շրջափուլին մասնակցելու համար արդեն իսկ ընտրվել են 12 ընկերություններ եւ 6 ղեկավարներ։ Հետազոտողները կարող են դիմել մինչեւ սեպտեմբերի 4-ը:

Հայտերը հասանելի են այստեղ։ Օգոստոսի 27-ին, ժամը 19։00-ին կկայանա տեղեկատվական հանդիպում՝ ծրագրի եւ ընդունելության մանրամասների մասին։ Առցանց միջոցառման մանրամասները հասանելի են այստեղ։