14:17 | 18.08.20 | Նորություններ | 3642

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառմանը 13 ստարտափ է մասնակցել

«Ստարտափ Ակումբ Դեմո Օր» առցանց միջոցառումը, որը  կազմակերպվել էր «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի կողմից` Հայաստանում Beeline-ի եւ Children of Armenia Fund-ի հետ համագործակցության շրջանակներում, ամփոփել է արդյունքները։

Հայկական 6 համայնքների՝ Աշտարակի, Ապարանի, Գավառի, Եղվարդի, սահմանամերձ Կոթիի եւ Այգեհովտի 13-17 տարեկան պատանիները իրենց գաղափարները ներկայացրել են միջոցառման ժյուրիին, որի կազմի մեջ մտնում էին Հայաստանում ՄԱԿ-ի գլոբալ հաղորդակցության վարչության ղեկավար Արմինե Պետրոսյանը, Chessify ընկերության հիմնադիր Գոռ Վարդանյանը, Ամերիկյան համալսարանի EPIC-ի դիզայն մտածողության փորձագետ Նժդեհ Հովհաննիսյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը եւ Beeline ստարտափ ինկուբատորի ղեկավար Գրիգոր Հովհաննիսյանը:

Միջոցառմանը մասնակից 13 ստարտափներից հիմնական հաղթող ճանաչվեց Աշտարակի Ստարտափ Ակումբի Belthy առողջապահական ստարտափը, որը կազմում է օգտատիրոջ հիվանդության մոտավոր պատկերը եւ ուղեկցում նրան բուժման ողջ ընթացքում: Պատանիները կստանան «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի կողմից 500 ԱՄՆ դոլար մրցանակ, ինչպես նաեւ գրաֆիկական դիզայնի ու բրենդինգի անվճար ծառայություններ Tumo Դիզայնից։

Նշենք, որ Հայաստանում Beeline-ը նույնպես նախատեսել էր մրցանակ․ լավագույն թիմերից մեկը՝ Աշտարակից Bright ստարտափը, Beeline ստարտափ ինկուբատորում առանց մրցույթի ինկուբացիոն շրջափուլ կանցնի:
 
«Դեմո օրվա ժամանակ մենք իսկապես տպավորված էինք նախագծի այդքան երիտասարդ մասնակիցների ելույթներով: Կասկած էլ չունեմ, որ նրանք մեծագույն հաջողությունների կհասնեն կյանքում ու կնպաստեն Հայաստանի զարգացմանը», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Միջոցառման գործընկերների՝ Yell Extreme Park, McCain Yerevan, Loft, Owlfinity, Preezma եւ bitschool ընկերությունների կողմից խրախուսող մրցանակների նաեւ արժանացան SeeFree, Agrorent, Phoenix Ecosal եւ Corvus ստարտափները։

«Մեր ամենակարեւոր խնդիրն է ապահովել գալիք սերունդներին զարգացման բոլոր հնարավորություններով, այսինքն՝ ստեղծել այն համապատասխան միջավայրը, ստարտափ էկոհամակարգը, որտեղ հետաքրքրված յուրաքանչյուր անձ կկարողանա բարիք ստեղծել»,- ընդգծել է «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամի հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

«Ստարտափ Ակումբ» կրթական ծրագիրը հնարավորություն է տալիս մարզաբնակ պատանիներին բացահայտել հայկական ստարտափ էկոհամակարգը եւ ձեռներեցության ոլորտը, ստեղծել եւ զարգացնել իրենց ստարտափները։ Հայաստանում Beeline-ը եւ Children of Armenia Fund-ը «Ստարտափ Ակումբ Դեմո Օր» միջոցառման գործընկերներն են։