11:01 | 18.08.20 | Նորություններ | 2992
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի նախաձեռնությամբ իրականացվող «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է:
Դիմումներն ընդունվում են այստեղ՝ մինչեւ օգոստոսի 23-ը ներառյալ:
Աքսելերացիոն դասընթացների առաջին փուլով մասնակցելու հնարավորություն են ստանալու 15 հայկական հաջողակ ընկերություններ, որոնք կունենան մշակված պրոդուկտի նախատիպ կամ արդեն իսկ գործարկված պրոդուկտ կամ ծառայություն:
Մասնակիցների համար Սիլիկոնյան հովտի առաջատար մասնագետներն ու ներդրումային ընկերությունների ղեկավարները, աշխարհի լավագույն համալսարանների դասախոսներն ու ամենահայտնի ընկերությունների հիմնադիրները գործնական դասեր կանցկացնեն՝ տրամադրելով մասնագիտական խորհրդատվություն ամբողջ դասընթացի գործընթացում:
Աքսելերացիոն ծրագրի նպատակն է հայ ձեռնարկատերերին տրամադրել անհրաժեշտ գիտելիքներ ու գործիքակազմ՝ միջազգային շուկաներ մուտք գործելու, Սիլիկոնյան հովտում բիզնեսի զարգացման հնարավորություններ ձեւավորելու նպատակով:
8 շաբաթ տեւողությամբ առցանց դասընթացների ընթացքում քննարկվելու են հայ ձեռնարկատերերի համար խորքային կարեւորություն ունեցող թեմաները՝
- Տեխնիկական նորարարություն (Technical innovation), որը ներառում է արհեստական բանականության, տվյալագիտության, իրերի ինտերնետի (Internet of Things) եւ այլ ոլորտներում վերջին թրենդների ուսումնասիրություն,
- Բիզնեսի զարգացում (Business Development), որի շրջանակներում ներկայացվելու են շուկայի ուսումնասիրությունները, վաճառքների կազմակերպումը եւ մարքեթինգը, ֆինանսական, իրավական եւ գործարարներին անհրաժեշտ այլ հարակից թեմաներ,
- Հաղորդակցման հմտություններ (Soft Skills)՝ խորքային գիտելիքներ են տրամադրվելու թիմային աշխատանք, առաջնորդության, ներկայացման եւ այլ հմտությունների վերաբերյալ:
Աքսելերացիոն ծրագրի շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրն աշխատելու է իր մենթորի հետ՝ հնարավորություն ունենալով առցանց հանդիպելու եւ հետաքրքրող հարցերը քննարկելու: Ծրագրի ավարտին ավիաթռիչքների վերականգնումից հետո հայ մասնակիցները Սիլիկոնյան հովիտ մեկնելու եւ ներդրողներին իրենց գործարար գաղափարները ներկայացնելու, եւ տեղում ներդրումներ ներգրավելու հնարավորություն են ստանալու:
Ծրագրին կարող են դիմել ընկերությունները, որոնք՝
- Գրանցված են Հայաստանի Հանրապետությունում,
- Գրանցված են ICTStat համակարգում (ictstat.am),
- Ունեն պրոդուկտի նախատիպ կամ արդեն իսկ գործարկված պրոդուկտ կամ ծառայություն,
- Ներկայացնող անձինք ՀՀ քաղաքացի են, ունեն անգլերենի իմացության բարձր մակարդակ, հանդիսանում են ընկերության հիմնադիր կամ ղեկավար կազմից են:
Հիշեցնենք, որ «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի աքսելերացիոն փուլի մեկնարկը տրվել է օգոստոսի 3-ին՝ առցանց հանդիպման ժամանակ: