12:37 | 30.07.20 | Նորություններ | 2373

«Թումո» շարժական կենտրոն` Բերդում

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում որոշել է Սիմոնյան կրթական հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրել «Թումո» շարժական կենտրոն կառուցելու եւ «Թումոն տուփի մեջ» կրթական ծրագիր իրականացնելու համար։

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նիստի ժամանակ հայտնել է, որ 270.0 քառ. մետր մակերեսով հողամասը վերցվելու է «Բերդի ավագ դպրոց» ՊՈԱԿ-ից։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունն ասել է, որ սա շատ կարեւոր նախագիծ է, որի շրջանակներում շարժական կենտրոնների միջոցով «Թումո»-ն իրականացնելու է դասընթացների այն հատվածը, որը հիմնական կենտրոններում է իրականացնում։

«Բացի այդ՝ մենք պայմանավորվել ենք, որ ազատ ժամանակ այդ տարածքները կարող են տրամադրվել նաեւ ուսուցիչների վերապատրաստումների համար»,- ասել է Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ դրանք հագեցված են լինելու անհրաժեշտ տեխնիկայով։

Նա ասել է, որ «Թումո»-ն նախատեսում է այդպիսի ծրագրեր նաեւ այլ մարզերում իրականացնել։

«Հիմա, երբ մենք քննարկում ենք սահմանամերձ համայնքների զարգացման մեր ռազմավարությունները, պետք է արձանագրել է, որ մեր բոլոր ռազմավարությունների հիմքում պարտադիր առկա է կրթական բաղադրիչը։ «Թումո»-ի մուտքը Բերդի տարածաշրջան այդ իմաստով եւս շատ կարեւոր է»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կարեւոր է մարզերում նման ենթակառուցվածքների ստեղծումը եւ համաչափ զարգացումը։