17:15 | 24.07.20 | Նորություններ | 16652
PicsArt-ը գնել է իր առաջին ընկերությունը, այն է Beeline Startup Incubator-ի 3-րդ շրջափուլի շրջանավարտ՝ D'efekt հավելվածը։ D'efekt հայկական ստարտափը հնարավորություն է տալիս արհեստական բանականության շնորհիվ ստեղծել տարատեսակ վիզուալ նյութեր։
Նշենք, որ PicsArt-ն աշխարհում ամենամեծ հաջողության հասած ստարտափներից է, որի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 54 միլիոն դոլար: PicsArt-ի հնարավորություն է տալիս օգտատերերին խմբագրել լուսանկարներ, պատկերներ եւ տեսանյութեր։ D'efekt-ը կենտրոնանում է վիդեոխմբագրման վրա՝ օգտատերերին հնարավորություն տալով կիրառել motion էֆեկտներ տեսանյութերի վրա:
D'efekt-ի գնումը թույլ կտա PicsArt-ին ներգրավել TikTok-ի, YouTube-ի եւ Instagram-ի պես հավելվածների օգտատերերին՝ օգնելով նրանց ստեղծել ավելի գրավիչ տեսանյութեր: Այս պահին, հավելվածների միավորում չի նախատեսվում, սակայն շուտով D'efekt-ը կստանա նոր անվանում, որը կպարունակի «PicsArt» բառը։
«Մեծ պատիվ է միանալ PicsArt ընկերությանը, որի գործունեությանը հետեւել ենք հենց ստեղծման պահից: Ուրախ ենք, որ շուտով D’efekt-ը կդառնա մի բրենդի մաս, որն ունի անհավանական ստեղծագործական գործիքներ ու բովանդակություն, ինչպես նաեւ հավատարիմ լսարան: Անհամբեր սպասում ենք, երբ պիտի մեր հավելվածը հասանելի դառնա հարյուր միլիոնավոր օգտատերերի համար, եւ տեսապատմություններ անող մի ամբողջ սերունդ կկարողանա կիրառել լավագույն վիդեո էֆեկտները»,- նշել է D’efekt ստարտափի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Նանե Թումանյանը:
«Մենք միշտ շատ ենք հպարտանում մեր ստարտափերի հաջողություններով, եւ PicsArt-ի նման գիգանտի հետ գործարք կնքելը մեծագույն ձեռքբերում է: Վստահ եմ, աշխարհի շատ ստարտափներ երազում են նման արդյունքի մասին, բայց մենք իհարկե ուրախ ենք, որ դրան հասավ հենց հայկական ստարտափ, որն անցել է մեր ինկուբատորի դպրոցը», - նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Beeline ստարտափ ինկուբատորն BANA՝ Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի հետ միասին իր բոլոր ռեսուրսներով աջակցում է հայկական ստարտափների ինտենսիվ աճին՝ դրանով իսկ ապահովելով ստարտափների ելքը միջազգային շուկա։ 14 շաբաթ տեւողությամբ ինկուբացիոն շրջափուլի ընթացքում ռեզիդենտներն անցնում են թրեյնինգներ մարքեթինգի, PR-ի, շուկայի գնահատման, նպատակների գնահատման եւ թիմի ձեւավորման ու զարգացման թեմաներով։ Թիմերը նաեւ ուսումնասիրում են իրավական դաշտի, ֆինանսական պլանավորման եւ գումարների ներգրավման հետ կապված հարցեր։