16:42 | 23.07.20 | Նորություններ | 3712

PicsArt-ը գնում է հայկական D’efekt ստարտափը

PicsArt-ը հայտարարել է Հայաստանում ստեղծված վիդեո էֆեկտների ստեղծման D’efekt ընկերությունը գնելու մասին:

Ընկերությունում տեղեկացրել են, որ սա PicsArt-ի կողմից ձեռք բերված առաջին ընկերությունն է:

«D’efekt-ը ոչ միայն տաղանդավոր է, այլեւ ստեղծել է հիանալի տեխնոլոգիաներ, որոնք կարելի է ներդնել PicsArt-ում: Միաժամանակ, D’efekt-ը կներկայացվի որպես առանձին հավելված»,- նշել է PicsArt ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը:



D’efekt-ի օգնությամբ PicsArt-ը ցանկանում է թիրախավորել այնպիսի հավելվածներ, ինչպիսիք են TikTok-ը, YouTube-ը եւ Instagram-ը:  

Ավոյանի խոսքով, ընկերությունը հետաքրքրված է գնել այլ հավելվածներ եւս, որոնք ունեն զարգացման մեծ ներուժ եւ լավ տեխնոլոգիաներ:

Հավելենք, որ D’efekt-ի երեք հոգանոց թիմը կմիանա PicsArt-ին:

PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով iOS, Android եւ Windows սարքերի համար:

PicsArt ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաեւ Լոս Անջելեսում, Պեկինում, Տոկիոյում եւ Մոսկվայում: