13:23 | 14.07.20 | Հոդվածներ | exclusive 103084

echo.am. նոր ագրեգատոր հայաստանյան մեդիա դաշտում

Գործարկվել է echo.am նախագիծը, որն իրենից ներկայացնում է լրատվական դասական ագրեգատոր:

Նախագծի հեղինակը Ռուսլան Մարտիրոսյանն է, ով 2012թ. հիմնադրել է Naked Science գիտահանրաճանաչ պարբերականը, որը Ռուսաստանում ամենաշատ մեջբերվող գիտական բովանդակությամբ կայքերից մեկն է: Կայքն օրական ավելի քան 100 հազար օգտատեր է այցելում, այնտեղ տեղադրվում են ռուսական խոշորագույն ապրանքանիշերի գովազդները:

Նախագծի մասին զրուցել ենք վերջերս Հայաստան տեղափոխված Ռուսլան Մարիտրոսյանի հետ:

Հարթակի մասին

echo.am-ը լրատվական դասական ագրեգատոր է՝ Google News-ի կամ Яндекс.Новости-ի նման: Տարբեր աղբյուրների նորությունները դիպաշարում միավորվում են ըստ նմանության, եւ ընթերցողին տրվում է հնարավորություն՝ ընտրելու, թե որ աղբյուրում է նախընտրում կարդալ այդ լուրը: Նորություններն ընտրվում են հատուկ ալգորիթմով՝ արհեստական բանականության մասնակի միջամտությամբ: Հարթակում առկա է նաեւ ԶԼՄ-ների վարկանիշի ու հոդվածների բաժին:

Հարթակում արհեստական բանականության գործածման մասին

Ռուսլանի խոսքով, ԱԲ տեխնոլոգիայի ներդրումը բարդ գործընթաց է:

«Մենք ուսումնասիրում եւ կիրառում ենք state-of-the-art լուծումները, որոնք մեզ թույլ կտան լիարժեք մրցակից դառնալ այնպիսի հսկաների, ինչպիսիք են Google-ը եւ Яндекс-ը: Եթե խոսենք դասական Data Science տերմիններով, ապա դա կլաստերացման (փնջավորման) խնդիր է, որի լուծման համար անհրաժեշտ է մտածել՝ ինչպես որոշել լուրերի համընկնումը:

Լեզվի դեպքում անհնար է հաջորդական ալգորիթմ հաղորդել նրա բազմաձեւության պատճառով, ցանկացած փորձ ապարդյուն կլինի: Ուստի փորձում ենք մեքենայացված ուսուցման տարբեր մեթոդներ, ինչպիսիք են տեքստերի վեկտորների հստակեցում եւ նրանց միջեւ հեռավորություն կամ նեյրոցանցային բարդ լուծումներ: Առայժմ արհեստական բանականությանը վերահսկում են խմբագիրները, բայց մենք գնում ենք դեպի լիակատար ինքնաշխատություն»,- նշում է նա:


Հայաստանյան մեդիա ոլորտի զարգացման գործում ներդրման մասին

Ռուսլանի խոսքով, հարթակը ստեղծվել է Հայաստանի մեդիա ոլորտի զարգացման գործում ներդրում ունենալու նպատակով:

«Բոլորս գիտենք, որ մեդիա շուկայում մեծ խնդիրներ կան եւ այդ խնդիրները պետք է ինչ-որ կերպ լուծել: Եվ բնավ պարտադիր չէ, որ դա պետությունն իրականացնի: Կարծում եմ՝ պետք է սկսել բնակչության մեդիագրագիտության բարձրացումից եւ դրանով լուծել հիմնական հարցը: Ոչ թե բացահայտել ֆեյքային անսպառ լուրերը, այլ ընթերցողի գրագիտությունն այնքան բարձրացնել, որպեսզի «կոլեկտիվ իմունիտետ» ձեւավորվի եւ այն մեդիաները, որոնք թիրախավորում են այդ ֆեյքերը, դադարեն դա անել՝ սպառողի (ընթերցողի) կողմից պահանջարկի անկմամբ պայմանավորված»:

Ռուսլանի խոսքով, ստեղծված հարթակն ուղղված է հենց այդ հարցի լուծմանը: Հարթակում առկա ԶԼՄ-ների վարկանիշում տարբեր չափորոշիչներով որոշվում է, թե որ ԶԼՄ-ն որ հորիզոնականում կլինի եւ, կախված այդ վարկանիշից, որոշվում է լուրերի աղբյուրների հերթականությունը դիպաշարում: Վերեւում որակյալ ԶԼՄ-ներն են, նրանց վրա հաճախ են սեղմելու՝ կարդալու առավել որակյալ լուրերը:

«Բացի դա, հատուկ նշումներ ունենք. դրանք կարող ենք տեղադրել լուրերի գլխագրերի մոտ. այդ նշումներն ազդարարելու են լուրի բնութագրի մասին: Ֆեյք լուրերը կարելի է, օրինակ, նշել «Պահանջում է հաստատում»՝ հերքման փոխարեն, եւ դա ընթերցողի համար տվյալ լուրն ու սկզբնաղբյուրն առավել մանրամասն ուսումնասիրելու ազդակ կլինի: Սա ընդամենը մեկ միջոց է, գործիքները հետագայում ընդլայնվելու են»:

Ռուսլանը վստահ է, որ եթե տարվա սկզբից այսպիսի նախագիծ հայկական լրատվական դաշտում գոյություն ունենար, ապա կորոնավիրուսի հետ կապված ներկայիս պատկերն այլ կլիներ. ավելի շատ փրկված կյանքեր ու տնտեսության առավել բարվոք իրավիճակ:

Վարկանիշում ԶԼՄ-ի դիրքի ձեւավորման մասին

Հայաստանում ցանկացած ԶԼՄ կարող է մասնակցել նախագծին եւ հարթակում ցուցադրել իր լուրերը: Դրա համար պետք է փոխանցել RSS-ը՝ համապատասխան տեխնիկական պահանջներով:

«Բայց ահա որքան բարձր կլինի աղբյուրը դիպաշարում, որքան հաճախ նրա վրա կսեղմեն եւ կայցելեն տվյալ կայքը, կախված է վարկանիշային աղյուսակում զբաղեցրած դիրքից, որը որոշվում է արհեստական բանականության օգնությամբ՝ բազմաթիվ չափորոշիչներով: Մենք փորձում ենք լիովին բացառել ցանկացած արտաքին ազդեցություն: Մենք չունենք մեր սեփական կոնտենտը, իսկ մնացած ամեն ինչ որոշում եւ լիովին որոշելու է ալգորիթմը»,- նշում է նա:

Վարկանիշի գնահատման չափորոշիչները բազմաթիվ են: Հարթակի հիմնադրի խոսքով, ի թիվս այլոց՝ հաշվի են առնվում այնպիսի ցուցանիշներ, ինչպիսին են կայքի դիզայնը, հարմարավետությունը, աղբյուրի հավաստիության մակարդակը, գովազդի ծավալը, բարեվարքության հանգամանքը եւ այլն: Հաճախելիության եւ հղման հետ միասին որոշվում է վարկանիշում վերջնական դիրքը:

Ռուսլանը հավելում է, որ քաղաքական որեւէ ուժի հետ չի համագործակցում եւ հույս ունի, որ նախագիծը շահութաբեր կլինի: