14:46 | 10.07.20 | Նորություններ | 2393
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ) հրավիրում է գործող եւ հեռանկարային կին ձեռներեցներին մասնակցելու «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում տեխնոլոգիական լուծումների կիրառման միջոցով» ծրագրին:
Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կին ձեռնարկատերերի տնտեսական արդյունքը՝ զարգացնելով նրանց գործարար կարողությունները եւ բիզնես ցանցերի հասանելիությունը:
Ծրագրում ընդգրկված մենթորների ուղղորդմամբ եւ մրցունակ կրթական ծրագրերի շնորհիվ կին մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտելու եւ կատարելագործելու իրենց ձեռնարկատիրական տաղանդը, հաղթահարելու բիզնես սկսելու եւ այն մեծացնելու վախերը, հաղորդակից լինելու բարդ պայմաններում ռիսկերի կառավարման գործիքներին, տիրապետելու գործնական բանակցությունների արվեստին։
Ծրագրի արդյունքում ակնկալվում է` Հայաստանում ծրագրի մասնակից կին ձեռներեցների գաղափարների իրականացում, ընկերությունների հիմնում, մասնակից ընկերությունների ընդլայնում եւ հավելյալ ֆինանսական ու այլ ռեսուրսների ներգրավում, տեխնոլոգիական լուծումների կիրառում ոչ տեխնոլոգիական բիզնեսներում, կին ձեռներեցների միջեւ համագործակցության ձեւավորում, սեփական ծրագրերի իրականացում անձնական նախաձեռնությամբ եւ, հատկապես, կորոնավիրուսով ու հետագայում նմանատիպ իրավիճակներով պայմանավորված մարտահրավերների դեպքում համարժեք ռազմավարական մոտեցումների մշակում։
Բոլոր հետաքրքրված եւ ձեռնարկատիրական ձիրք ունեցող կանայք կարող են դիմել ծրագրի առաջին փուլին՝ Ինտենսիվ Բութքեմփին մինչեւ հուլիսի 20-ը, ժամը 23:59՝ այստեղ:
Ծրագիրը բաղկացած է երկու հիմնական մասից՝ Ինտենսիվ Բութքեմփ եւ Աքսելերացիոն ծրագիր, որոնք կիրականացվեն Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում «Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։
Ինտենսիվ Բութքեմփը նախատեսված է բոլոր այն կանանց համար, ովքեր ունեն բիզնես գաղափար, ձեռնարկության հիմնադիր կամ համահիմնադիր են։ Բութքեմփի ընթացքում մասնակիցները կուսումնասիրեն գաղափարների ձեւավորման եւ փորձարկման, թիմերի կազմավորման եւ ծրագրերի ներկայացման հմտություններ՝ տեխնոլոգիական եւ բիզնես ոլորտի մասնագետների օգնությամբ։
Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի պատճառով ծրագիրը կիրականացվի առցանց տարբերակով։ Բութքեմփի ավարտին գնահատող հանձնաժողովի կողմից կընտրվեն այն մասնակիցները, ովքեր պատրաստ կլինեն անցնել ծրագրի հաջորդ՝ Աքսելերացիայի փուլ։
Աքսելերացիոն ծրագիր՝ ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմասնակցեն բիզնեսի զարգացման, ընդլայնման, անձնական նախաձեռնողականության բարձրացման, բիզնեսի միջազգայնացման, ֆինանսավորման հնարավորությունների ներգրավման եւ բարդ իրավիճակներում փոփոխությունների կառավարման 16-շաբաթյա դասընթացների՝ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ:
Աքսելերացիոն ծրագրի ավարտին մասնակից թիմերն իրենց բիզնես նախագծերը կներկայացնեն գնահատող հանձնաժողովին: Լավագույն 5 թիմերը կստանան մեկական միլիոն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ նախագծերը սկսելու կամ զարգացնելու համար:
Ծրագիրն իրականացվում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի միջոցով՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) կողմից, Միացյալ Թագավորության կառավարության «Լավ Կառավարման հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակում:
Ծրագիրը նպատակ ունի խթանել կանանց ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում, օգնել գնահատել նորարարական եւ բարձր տեխնոլոգիական լուծումների դերը բիզնեսի զարգացման եւ ընդլայնման մեջ։