14:06 | 09.07.20 | Նորություններ | 17438

Ucom-ում շարունակվում են ցանցի վերականգնման աշխատանքները

Ucom ընկերության տեխնիկական անձնակազմը շարունակում է փուլ առ փուլ վերականգնել շարժական եւ ֆիքսված ցանցի աշխատանքը։

Հուլիսի 8-ի երեկոյան ծառայությունների անհասանելիության պատճառ է դարձել հոսանքի տատանման արդյունքում տեխնիկական հիմնական համակարգում առաջացած գերբեռնվածությունը։ Առաջացած խափանումն ազդել է նաեւ մյուս ենթահամակարգերի բնականոն աշխատանքի վրա։ Շարժական կապի ձայնային ծառայությունների, ինչպես նաեւ ֆիքսված ինտերնետի հասանելիությունն օպերատիվ կերպով վերականգնվել է մոտ 2 ժամվա ընթացքում։

Ucom ընկերության կողմից տրամադրվող այլ ծառայությունները վերջնական կարգավորում կստանան արտերկրից պատվիրված բաղկացուցիչ մասերի Հայաստան հասնելուն պես։

«Այս պահին շարժական եւ ֆիքսված ցանցերի աշխատանքն ապահովվում է պահուստային գեներատորների գործարկման շնորհիվ։ Մեր տեխնիկական անձնակազմը, որը միջազգային լավագույն ընկերություններում աշխատանքային փորձ ունեցող արհեստավարժ մասնագետներով է համալրվել, իսկապես աննախադեպ կարճ ժամանակահատվածում է խնդրին լուծում տվել։

Առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում հայաստանյան եւ օտարերկրյա մեր բազմաթիվ գործընկերներին, այդ թվում՝ պետական մի շարք կառույցներին, Ucom-ի կորպորատիվ ու անհատ հաճախորդներին օպերատիվ աջակցության համար։ Նշեմ, որ անհրաժեշտ բաղկացուցիչ մասերն արդեն պատվիրված են եւ Հայաստանում կլինեն հաշված օրերի ընթացքում», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, որ նոր բաղկացուցիչ մասերի տեղադրման եւ գործարկման նպատակով իրականացվող աշխատանքները կկատարվեն գիշերային ժամերին, որպեսզի կապի հնարավոր տատանումները նվազագույն անհարմարություն պատճառեն Ucom ընկերության բաժանորդներին։