15:55 | 03.07.20 | Նորություններ | 3420

PicsArt ակադեմիան մեկնարկել է JavaScript անվճար դասընթացները

PicsArt ակադեմիան հայտարարել է JavaScript ծրագրավորման լեզվի անվճար օնլայն դասընթացների մեկնարկի մասին։

Դասընթացին մասնակցության հայտ էր ներկայացրել շուրջ 900 դիմորդ, որից մոտ 50-ը հունիսի 23-ից մասնակցում է օնլայն դասընթացներին։ Մասնակիցները բաժանված են երկու խմբի՝ ըստ գիտելիքների մակարդակի։

Մինչեւ դասընթացի մեկնարկը մասնակիցներն անցել են մեկ շաբաթ տեւողությամբ ներածական ծրագիր PicsArt ընկերության ղեկավարների հետ։ Այս ընթացքում մասնակիցներն ունեցել են աննախադեպ հնարավորություն՝ ընկերության գործունեությանը մանրամասն ծանոթանալու եւ իրենց հուզող հարցերը PicsArt-ի հիմնադրին ու ղեկավարներին ուղղելու համար։

«PicsArt ընկերությունը վերջին տարիներին կրթական տարբեր նախաձեռնություններով է հանդես գալիս, որոնց նկատմամբ միշտ առկա է բարձր պահանջարկ: Սա մեզ համար լավագույն ցուցանիշն է թե՛ ընկերության կողմից կազմակերպվող ծրագրերի նկատմամբ վստահության, եւ թե՛ ակտուալ պահանջարկի առումով: Այս դասընթացներն ունենալու են շարունակական բնույթ եւ վստահ ենք, որ կօգնեն մեզ ձեւավորել Հայաստանում բարձորակ նոր մասնագետների շուկա»,- նշում է PicsArt ընկերության համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Արտավազդ Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ PicsArt ակադեմիան մայիս ամսվանից մեկնարկել էր օնլայն անվճար դասընթացներ տեխնոլոգիական ոլորտում կրթության հնարավորություն փնտրողների համար։ PicsArt ակադեմիայում այժմ ընթանում է նաեւ մայիսին մեկնարկած C++ ծրագրավորման լեզվի դասընթացը: Այստեղ նրանք լավագույն մասնագետների օգնությամբ սովորում են պահանջարկ վայելող ծրագրավորման լեզուներ, միաժամանակ ձեռք բերում պրակտիկ փորձ՝ ներգրավվելով ընկերության գործող ծրագրերում: Ինչպես PicsArt-ի բոլոր կրթական ծրագրերի դեպքում է՝ PicsArt ակադեմիայի շրջանավարտներին կտրվի նաեւ PicsArt-ում աշխատելու հնարավորություն:

PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում՝ 30 լեզվով iOS, Android եւ Windows սարքերի համար:

PicsArt ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում. Հայաստանից բացի գրասենյակներ կան նաեւ Լոս Անջելեսում, Պեկինում, Տոկիոյում եւ Մոսկվայում: