15:53 | 18.06.20 | Նորություններ | 3191

DISQO-ն կրթական նոր նախաձեռնություններով է հանդես գալիս

DISQO-ն հայաստանյան ՏՏ համայնքին ներկայացնում է թիմակիցների փորձով ու գիտելիքներով կիսվելու երկու նոր ձեւաչափ՝ DISQOTECH Live վեբինարն ու DISQOTECH Goes Beyond կրթական նախագիծը։

Ընկերությունում Itel.am-ին տեղեկացրել են, որ միջոցառումները կանցկացնեն ոչ միայն հայաստանյան գրասենյակի, այլեւ Լոս Անջելեսում գտնվող գլխամասի մասնագետները՝ տեղի մասնագետներին տալով հնարավորություն ծանոթանալ նորագույն տեխնոլոգիաներին եւ արդի լուծումներին:

DISQOTECH Live վեբինարը հուլիսի 15-ին հայկական, ամերիկյան ու եվրոպական ՏՏ համայնքների ներկայացուցիչներին հրավիրում է մասնակցելու «Monolith to Microservices: Driving Business Value with Cloud Native Architecture» թեմայով առցանց հանդիպում-քննարկմանը։

Վեբինարի խոսնակը DISQO-ի Պլատֆորմի եւ անվտանգության համակարգերի տնօրեն Մարկ Բիտներն է, որը մինչ DISQO-ին միանալն աշխատել է այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Amazon-ը, Grindr-ը եւ Nexient-ը։ Վեբինարն անվճար է եւ ընդունում է գրանցման հայտեր։

Մյուս նախագիծը DISQOTECH Goes Beyond-ն է (DISQOTECH-ն ընդլայնվում է): Դրա շրջանակում DISQO-ի թիմակիցները միացել են Beyond Learning Hub կրթական նախագծին՝ կազմելով եռամսյա թրեյնինգներ Տվյալների վերլուծության եւ Java ծրագրավորման թեմաներով։ DISQO-ի ավագ մասնագետները գնահատելու են մասնակիցների ավարտական աշխատանքները՝ անցկացնելով իրական հարցազրույցների փուլեր։ Թրեյնինգները կազմված են այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են սկսել նոր կարիերա ՏՏ ոլորտում։

«Հայաստանյան գրասենյակի հիմնադրման առաջին իսկ օրվանից նպատակ էինք դրել այստեղ նոր կրթական մշակույթ ստեղծել՝ ներգրավելով մեր բոլոր թիմակիցներին։ Այս միջոցառումները դեռ շարունակական բնույթ են կրելու»,- նշում է DISQO-ի համահիմնադիր եւ տեխնիկական տնօրեն Դրո Քոչարյանը։

Նա հավելել է, որ ընկերության հայաստանյան թիմը շարունակում է ընդլայնվել եւ կան նոր թափուր աշխատատեղեր։