17:14 | 03.06.20 | Նորություններ | 2233

Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները վերականգնվել են

Հայաստանի ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանն այսօր հայտնել է, որ գրադարանի էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են:

«Երկուշաբթի եւ երեքշաբթի օրերին մենք դրանց թեստային փորձարկումներն ենք արել, հասանելի են եղել մինչեւ ժամը 18:00-ը, իսկ հիմա 24-ժամյա ռեժիմով առցանց կապահովենք սերվերների սպասարկումը»,- ասուլիսի ժամանակ ասել է նա:
 
Այս պահին հասանելի է եւ գրադարանի պաշտոնական՝ www.nla.am կայքը, որ թարմացվել է, եւ թվայնացված թերթերի, ամսագրերի ու գրքերի http://tert.nla.am/ հարթակը:
 
Ինչ վերաբերում է մայիսի 10-ին գրադարանի թվայնացված արխիվների սերվերների վնասվելու առնչությամբ իրականացվող փորձաքննության արդյունքներին, տնօրենի պաշտոնակատարն ասել է.
 
«Սպասում ենք փորձաքննության վերջնական եզրակացությանը: Դեռեւս մարդկային միջամտության գործոնը, դիտավորությունը չի հերքվել: Վերջնական դիրքորոշումս կներկայացնեմ ծառայողական քննության ավարտից հետո»:
 
Հրաչյա Սարիբեկյանը հավելել է, որ այս ընթացքում ամբողջ թվայնացված բազան կրկնապատճենել են. «Երկու տարբեր տեղ կպահենք պատճենները: Դիտարկում ենք նաեւ լրացուցիչ սերվերներ ձեռք բերելու հարցը»: