13:22 | 03.06.20 | Նորություններ | 17631

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Սահյանի ծննդավայրում գիշերներն արդեն լուսավորվել են 

Մարզերում էներգախնայող համակարգերի ներդրման ծրագիրը շարունակվելու է նաեւ այս տարի: Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) արդեն հաստատել են այն բնակավայրերի ցանկը, որտեղ 2020թ. աշխատանքներ կտարվեն: Իսկ մինչեւ կոնկրետ քայլերի իրականացումը, ամփոփվում են նախորդ տարվա աշխատանքների արդյունքները: 

Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված, LED համակարգերի պաշտոնական գործարկումը մի շարք համայնքներում հետաձգվել էր: Այժմ դրանք իրականացվում են ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով՝ տեսազանգով:

Գործընկերների առաջին հեռավար շփումը եղել է Երեւան-Սյունիք տարածության վրա: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը, ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանն ու Լորի վարչական տարածքի ղեկավար Դավիթ Առուստամյանը, փորձել են գնահատել համակարգի արդյունավետությունը: Տեսազանգի ընթացքում քննարկվել են նաեւ հետագա աշխատանքին առնչվող կազմակերպչական հարցեր:

«Ստիպված ենք կիրառել աշխատանքի այնպիսի մեթոդ, որը նվազեցնում է հանդիպման անհրաժեշտությունը, սակայն դա չպետք է խանգարի ծրագրի արդյունքին: Ֆիզիկապես ձեզ հետ չեմ, բայց նման տեսազանգերով  կապի մեջ կլինենք, մինչեւ նոր հանդիպում: Այն, ինչ ժամանակավոր է, կարելի է հաղթահարել: Անհամբեր սպասում եմ իրավիճակի կարգավորմանը՝ մարզեր այցելելու եւ մեր գործունեությանն առավել մեծ թափ հաղորդելու համար»,-տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

Լոր գյուղը՝ Համո Սահյանի ծննդավայրը, հարուստ է պատմաճարտարապետական հուշարձաններով եւ հավակնում է դառնալ էկոտուրիզմի կենտրոն։ Գյուղը զբոսաշրջային ակտիվ բնակավայր դարձնելու համար, Վիվա-ՄՏՍ-ը եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իրակայացրել են առաջին քայլերը. Լորում լուսավորության՝ բնապահպանության պահանջներին համապատասխան LED համակարգ է կառուցվել: Լուսավորվել են գյուղի կենտրոնական փողոցի մի հատվածն ու երկրորդական փողոցները: Տարածքը ներառել է նաեւ անվանի բանաստեղծի տուն-թանգարանը: Կառուցվել է 32 լուսարձակ ունեցող փողոցային լուսավորության համակարգ՝ ներառելով մոտ 1,250 մ երկարությամբ փողոց:

Հայաստանի հեռավոր մարզերը շարունակում են մնալ գործընկեր կառույցների ուշադրության կենտրոնում: Առկա խնդիրների լուծման համար շատ բնակավայրերում աշխատանքներն իրականացվում են տարիների ընթացքում:

Վիվա-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախորդ ծրագիրը Լորում իրականացվել է 4 տարի առաջ: Գյուղն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ: Կառուցվել է մոտ 2 կմ երկարությամբ ջրագիծ, վերանորոգվել եւ ցանկապատվել են օրվա կարգավորման ջրամբարն (ՕԿՋ)  ու  ջրընդունիչը:

Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսարձակներն ի տարբերություն շիկացման լապերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա, ծառայում են ավելի երկար եւ կրկնակի արդյունավետությամբ:  Ամռան ամիսներին Լորի փողոցները լուսավորվեն ժամը 21:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչեւ 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում: