Ընկերության ներկայացուցիչ Ելենա Կուրգանովան
16:42 | 27.05.20 | Նորություններ | exclusive 12744
Մարդկային ռեսուրսների կառավարման խորհրդատվական Mercer միջազգային ընկերությունը հայաստանյան լսարանի համար այսօր կազմակերպել էր վեբինար, որի նպատակն էր ներկայացնել ընկերության գործունեությունը եւ համագործակցության եզրեր գտնել տեղական տեխնոլոգիական համայնքի հետ:
Ընկերության ներկայացուցիչ Ելենա Կուրգանովան նշել է, որ Mercer-ն ավելի քան 18 տարի է՝ գործունեություն է ծավալում ԱՊՀ երկրներում:
Նրա խոսքով, արդեն մի քանի տարի է Mercer-ը համագործակցում է Հայաստանում գործող մի շարք գլոբալ ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ տրամադրելով բարձրորակ շուկայական տվյալներ՝ հարցումների միջոցով, ինչպես նաեւ աջակցում է մարդկային ռեսուրսների կառավարման տեղական համայնքին եւ մասնագետներին՝ տարբեր թրեյնինգների եւ զարգացման ծրագրերի միջոցով:
Ընկերության ներկայացուցիչ Պատրիկ Գուտմանն անդրադարձել է համաշխարհային տեխնոլոգիական ոլորտում COVID-19-ի հետեւանքով ձեւավորված թրենդներին: Նա խոսել է համավարակի արդյունքում տուժած եւ, հակառակը, աճ գրանցած ընկերությունների մասին:
«Իհարկե, կան բազմաթիվ տեխնոլոգիական ընկերություններ, որոնք համավարակի պատճառով վատ վիճակում են՝ կապված գործունեության ուղղության հետ: Բայց առկա են նաեւ ընկերություններ, որոնք իրենց շատ լավ են զգում: Օրինակ, Amazon-ը նախատեսում է լրացուցիչ 100 հազ. մարդու աշխատանքի ընդունել միայն ԱՄՆ-ում՝ այս տարի: Կամ, օրինակ, Zoom-ը, որը կտրուկ աճ է գրանցում: Այս ընկերություններին պետք են նոր ուժեր, որոնք կօգնեն նոր հաճախորդներին ծառայություններ մատուցել»,- ընդգծել է Պատրիկ Գուտմանը:
Mercer-ի ներկայացուցիչ Անա Կեկեզին իր հերթին հավելել է, որ ակտիվորեն աշխատում են տեխնոլոգիական ոլորտի համար լուծումներ մշակելու ուղղությամբ:
«Մենք շատ ենք սիրում Հայաստանը, այստեղ ընկերներ ունենք: Միշտ հաճույքով ենք աշխատում տեղական ընկերությունների հետ: Շնորհավորում ենք Հայաստանի տեխնոլոգիական համայնքին՝ ոլորտի զարգացման այս հիանալի տեմպերի առիթով: Կարեւոր է նշել, որ հայաստանյան ընկերությունները զարգանում են ոչ միայն տեղական, այլեւ միջազգային շուկայում: Այդ իսկ պատճառով որոշեցինք կազմակերպել այս վեբինարը՝ եւ հասկանալ, թե ինչով կարող ենք աջակցել այդ ընկերություններին»,- նշել է նա: