12:40 | 26.05.20 | Նորություններ | 2535

NVIDIA-ի հայազգի փոխնախագահը կխոսի մետաիրականության ստեղծման դեմոկրատացման մասին

Մայիսի 28-ին՝ ժամը 19:00-ին, ամերիկյան NVIDIA ընկերության փոխնախագահ Ռեւ Լեպարիտյանը HighTech Talks շարքի շրջանակում կխոսի «Մետաիրականության ստեղծման դեմոկրատացումը» թեմայի շուրջ:

Հաղորդմանը հնարավոր կլինի ուղիղ եթերում հետեւել այստեղ, իսկ ավարտից հետո տեսանյութը կտեղադրվի YouTube-ում:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մարտի 31-ից մեկնարկել է առցանց HighTech Talks շարքը: Նախագիծը հյուրընկալում է հաջողված գործարարների եւ ՏՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների, որոնք կվարեն զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով եւ կարծրատիպերով:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի տարածման հետեւանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն եւ հնարավորություն ունեն մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ, եւ ամենակարեւորը՝ մասնագիտություն:

HighTech Talks-ի (#Հայթեք զրույցներ) հետագա առցանց հաղորդումների շրջանակներում թեմատիկ ելույթներով հանդես կգան ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք կխոսեն տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների դրական եւ բացասական կողմերից, մեր կյանքում տեխնոլոգիաների դերից եւ թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության եւ անվտանգության վրա, կվերլուծեն բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները: