12:32 | 22.05.20 | Նորություններ | 1996

ՁԻՀ լուսանկարների մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացվել է

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, հաշվի առնելով «COVID-19 Հայաստանում» լուսանկարների մրցույթի հանդեպ օրեցօր աճող հետաքրքրությունը, հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարացրել է մինչեւ մայիսի 25-ը, ժամը 23։59-ը։

Հայտը անհրաժեշտ է լրացնել այստեղ եւ ներբեռնել ներկայացվող լուսանկարները:

Մրցանակային ֆոնդը 1․500․000 ՀՀ դրամ է, որը կբաշխվի մինչեւ 3 հաղթող ճանաչված լուսանկարների հեղինակների միջեւ, հետեւյալ անվանակարգերում՝

-    Լավագույն լուսանկար (ոչ պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ,
-    Լավագույն լուսանկար (պրոֆեսիոնալ) – ժյուրիի անվանակարգ,
-    Facebook-ում ամենաշատ հավանումներ հավաքած լուսանկար։

Նշենք, որ յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել առավելագույնը 3 (երեք) լուսանկար։ Լուսանկարները պետք է ներկայացվեն JPEG/JPG ֆորմատով, առնվազն 2 մեգապիքսել, առանց ձեւափոխման կամ խորը մշակման, առանց տեսանելի ջրանիշերի։ Ընդունվում են թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ սիրողական լուսանկարիչների աշխատանքներ, որոնք գնահատվելու են համատեղ։

Մրցույթի գնահատման գործընթացում կներգրավվեն տարբեր մասնագետներ՝ Հայաստանից եւ արտերկրից: Հաղթող կճանաչվեն մրցույթի խորագրին՝ «Covid-19-ը Հայաստանում» թեմային առնչվող լավագույն եւ առավել տպավորիչ բովանդակությամբ լուսանկարները (անկախ որակից)։

«COVID-19 Հայաստանում» լուսանկարների մրցույթի նպատակն է լուսանկարների միջոցով ցույց տալ աշխարհին, թե նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության՝ «Covid-19»-ի համավարակային մեկուսացման պայմաններում ինչպես է ապրում, ուրախանում, տխրում, հարմարվում ու մտածում հայաստանցին, ով պատմական տարբեր դարաշրջաններում՝ ի շնորհիվ իր ճկուն մտածելակերպի եւ դրանից բխող գործողությունների, հաղթահարել է տարաբնույթ փորձություններ:
 
Հարցերի դեպքում կարելի է կապ հաստատել +374 11 219797 հեռախոսահամարով կամ info@eif.am էլ․փոստի հասցեով։