17:04 | 20.05.20 | Նորություններ | 3882

Բագրատ Ենգիբարյան. COVID-19-ը վերադիրքավորվելու եւ նոր շուկաներ մուտք գործելու լավ հնարավորություն է ընձեռել

Համավարակի արդյունքում այսօր ստեղծված իրավիճակը պետք է դիտարկել որպես հնարավորություն եւ դասեր քաղել, թե հետագայում ինչպես ճիշտ վերադիրքավորվել, այսօր ասել է «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը` Տնտեսական լրագրողների ակումբի առցանց հանդիպման ընթացքում:

Նրա խոսքով, բարձր տեխնոլոգիաների ոլորտում մրցակցային առավելությունները հասկանալու, տուժած կազմակերպություններին վերադիրքավորման հարցում օգնելու, նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն տալու առումով լավ ժամանակ է:

Խոսելով ոլորտում այսօր տիրող վիճակի մասին, Բագրատ Ենգիբարյանը նշել է, որ մի շարք հայկական պրոդուկտներ ու լուծումներ կտրուկ աճ են գրանցել նույնիսկ այս իրավիճակում: Փոխարենը, նրա խոսքով, լրջորեն տուժել է աութսորսինգի ուղղությունը:

ՁԻՀ տնօրենի խոսքով, առաջ շարժվելու համար Հայաստանը նախ պետք է զարգացնի կրթական համակարգը: Խոսելով հեռավար կրթության մասին, նա ասել է, որ համակարգիչներն եւ ինտերնետ կապը մարզերում ոչ բոլորին է հասանելի, ինչը խնդիրներ է ստեղծում պատանիների համար:

Բագրատ Ենգիբարյանը նաեւ կարեւորել է տեխնոլոգիաների ուղղորդումը դեպի ոչ տեխնոլոգիական ոլորտներ՝ այդպիսով բարձրացնելով այդ ոլորտների մրցակցային առավելությունը: