11:43 | 20.05.20 | Նորություններ | 15568

Վիվա-ՄՏՍ-ը ներդրել է Lucky Carrot հարթակը՝ թիմային ոգին ու համագործակցությունը բարձրացնելու համար

Հայտնի փաստ է, որ կազմակերպությունները, որոնք ունեն ներգրավված եւ արդյունավետ թիմ, կարողանում են ապահովել ավելի բարձր արտադրողականություն եւ նորարարություն: Կազմակերպական վարքագծի եւ աշխատուժի վերջին փոփոխություններով պայմանավորված` ընկերությունները կկարողանան լուծել նոր մարտահրավերներ` արդյունավետորեն աշխատող թիմերի օգնությամբ: Աշխատակիցների թիմային ոգին ու համագործակցությունը արդյունք են տալիս, երբ ապահովված է լինում յուրաքանչյուր աշխատակցի ներգրավվածությունը:

Վիվա-ՄՏՍ-ը փոխգործակցության հուշագիր է կնքել «Lucky Carrot» հայկական ստարտափի հետ՝ ներդնելու տեղեկատվական-վերլուծական հարթակ:

Այս հարթակը կոչված է մոտիվացնելու եւ ներգրավելու անձնակազմը՝ թույլ տալով անհատներին գնահատել եւ գովել գործընկերների աշխատանքը եւ արժեքները: Ստեղծված արտակարգ դրության պայմաններում՝ Վիվա-ՄՏՍ-ը ձեռնարկում է բոլոր միջոցները` ապահովելու համար, որ աշխատանքի որակը եւ համապատասխան արժեքները պահպանվեն բարձր չափանիշներով, եւ որ աշխատակիցները շարունակաբար գնահատված լինեն:

Ի՞նչ է մարդկային ռեսուրսների կառավարման մեջ կիրառվող ներգրավվածությունը՝ որպես հասկացություն: Այն ենթադրում է կազմակերպության արժեքներին հավատարմություն, գիտելիք ու հմտությունները կիսելը, կազմակերպության առջեւ դրված նպատակներին ծառայեցնելը, պատասխանատվությունը թե՛ հաջողության, եւ թե՛ ձախողման համար, փոխադարձ հարգանքն ու գործընկերոջը ձեռք մեկնելը՝ թիմային առաջադրանքը բարեհաջող ավարտին հասցնելու համար:

«Առհասարակ, Վիվա-ՄՏՍ ասելով՝ մենք առաջին հերթին հասկանում ենք ընկերության ամենամեծ հարստությունը՝ մեր աշխատակիցներին: Նրանց շնորհիվ մեր ընկերությունում պահպանվում են աշխատանքային էթիկայի կանոնները, գործում են արժեքներ եւ կա հարգանք՝ ոչ միայն մեր հաճախորդների եւ շահագրգիռ կողմերի, այլեւ մեր համայնքի եւ շրջակա միջավայրի նկատմամբ: Մեզ համար աշխատակիցն առաջընթացի շարժիչ ուժն է: Lucky Carrot հարթակը հնարավորություն կընձեռի աշխատակիցներին արտահայտել իրենց գնահատանքը գործընկերներին, օգնել բարելավել մեր արտադրողականությունը եւ պարբերաբար ստանալ վերլուծական հաշվետվություններ, որոնք կօգնեն մեզ գտնել բարելավման նոր գործիքներ: Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք Lucky Carrot-ի հետ, որն ապացուցել է, որը լուսավոր ու տաղանդավոր հայ երիտասարդների կողմից ստեղծված՝ նորաձեւ, թարմ, ժամանակակից եւ օգտակար ստարտափ է Հայաստանում»,- նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Lucky Carrot-ի առաջարկին ծանոթանալուն պես՝ Վիվա-ՄՏՍ-ը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց: Ընկերության արագ ու պրոֆեսիոնալ արձագանքին հետեւեցին հանդիպումներ եւ բանակցություններ. ամիսների աշխատանքի արդյունքում այսօր մենք ստորագրում ենք փոխըմբռնման հուշագիր»,- ասել է Lucky Carrot-ի համահիմնադիր եւ տնօրեն Մարիամ Գյուլումյանը։

Lucky Carrot համակարգը թույլ է տալիս աշխատակիցներին շնորհակալություն հայտնել միմյանց՝ առցանց ուղարկելով խրախուսական միավորներ՝ «գազար» ստիկերներ՝ նշելով կազմակերպության հիմնական արժեքները, որոնք առնչվում են տվյալ աշխատակցի կողմից կատարված աշխատանքին:

«Վիվա-ՄՏՍ-ը գնահատում է այն օգուտները, որ Lucky Carrot համակարգն ընձեռում է, եւ այդ կերպ աջակցում է մեզ խթանել Lucky Carrot-ի առաջխաղացումը տեղական շուկայում: Մեր թիմի համար սա նաեւ ահռելի փորձ ձեռք բերելու հնարավորություն է։ Այս նախաձեռնությունը մեզ միանշանակ կօգնի պատրաստ լինել աշխատելու մեծ ընկերությունների հետ եւ արագ աճ գրանցելու միջազգային շուկայում՝ հատկապես ԱՄԷ-ում եւ Մերձբալթյան երկրներում, ինչպես եւ պլանավորել ենք»,- նշել է Մարիամ Գյուլումյանը։