15:55 | 18.05.20 | Նորություններ | 1884

Մայիսի 22-ին Հայաստանում կտոնեն Bitcoin Pizza Day-ը

Մայիսի 22-ին ամբողջ աշխարհում տասներորդ անգամ կնշեն Bitcoin Pizza Day-ը, որը խորհրդանշում է իրական, ոչ վիրտուալ աշխարհում կատարված կրիպտոարժույթով առաջին գործարքը։

Հայաստանը եւս կմիանա գլոբալ միջոցառմանը: Nooor Blockchain Armenia-ի թիմը, որն ի սկզբանե որոշել էր մեծ Pizza Party կազմակերպել Nooor-ի բոլոր ընկերների համար, համավարակի պատճառով միջոցառումը տեղափոխել է առցանց տիրույթ:

«Որոշեցինք մեր համայնքի հետ (թեեւ իրարից հեռու) տոնել այս հատուկ օրը` կազմակերպելով պիցցա giveaway: Հետեւյալ հղումով կարող եք ծանոթանալ մանրամասներին եւ մասնակցել, ինչպես նաեւ իմանալ ավելին բլոկչեյն տեխնոլոգիայի ու կրիպտոարժույթների մասին եւ բացահայտել ոլորտում հաջողելու նոր հնարավորություններ»,- նշել են Nooor Blockchain Armenia-ում:

Հիշեցնենք, որ 2010թ. մայիսի 22-ին Լազլո Հայնիչ անունով մի ծրագրավորող Ֆլորիդայից համացանցում առաջարկեց վճարել 10,000 բիթքոին 2 պիցցայի համար, ինչն այդ պահին համարժեք էր $41-ին։ Մեկ այլ օգտատեր ընդունեց այդ առաջարկը եւ բիթքոինները ստանալուց հետո Papa John-ից 2 պիցցա առաքեց նրա տուն: Քանի որ բիթքոինի գինն այն պահից աճեց, շուտով այդ երկու կլոր ուտեստը դարձան պատմության ամենաթանկ պիցցաները: Այսօր, երբ մեկ բիթքոինը համարժեք է $9700, հեշտությամբ կարելի է հաշվել, որ այդ պիցցաների համար վճարվել է $97 մլն կարողություն:

Այնուամենայնիվ, Հայնիչը, ում նաեւ որպես Bitcoin Pizza Guy են ճանաչում, երբեք չի զղջացել իր բիթքոինները վատնելու համար: Այն պահին դրանք մեծ արժեք չունեին, եւ երեւի թե կշարունակեին այդպես էլ մնալ, եթե ինչ-որ մեկը չապացուցեր, որ դրանցով կարելի է իրական աշխարհում գործարքներ կատարել: Փոխարենը՝ այդ արարքը ժամանակին բեկումնային է եղել բիթքոինի տարածման եւ արժեքի աճի համար: