13:35 | 28.04.20 | Նորություններ | 19850

Գուրգեն Խաչատրյան. «Ucom­-ը չի վաճառվում ու մեր արժանապատվությունը սակարկության չի դրվում»

«Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

«Այս թեման հասունացել էր երկար ժամանակ, բայց մինչեւ վերջին պահը հույս կար, որ ողջախոհությունը կհաղթի եւ գործընթացները կմնան տրամաբանության մեջ։ Այսօր արդեն ակնհայտ սուտ տեղեկատվությամբ փորձ է արվում հերթական անգամ մանիպուլացնել հասարակությանը, այն էլ վարչական լծակների կիրառմամբ։

Վերջին 12 տարիներին կապի եւ հեռահաղորդակցության Ucom ընկերության զարգացումն ու հզորացումը մեր թիվ մեկ առաջնահերթությունն է եղել, որի համար գործընկերների հետ համատեղ ներդրել ենք սոցիալական կապիտալ, ռեսուրսներ, անհնարինին հասնող ջանքեր եւ էներգիա։ Բնականաբար, ավելորդ եմ համարում նշել, որ երբեւէ չենք դիտարկել ընկերությունը որեւէ երկրի կամ կողմերին վաճառելը՝ գիտակցելով հայկական տելեկոմ ունենալու կարեւորությունն ու քաղաքացիների առաջ ստանձնած պատասխանատվությունը։

Սակայն երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ եւ անուղղակի (այդ թվում հանդիպումների ժամանակ) պահանջ է դրվել իմ առջեւ՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը։

Ավելին, որպես պահանջի մաս ներկայացվել է մեր մյուս կարեւոր գործունեության՝ հայկական ՏՏ ոլորտի առաջատար IUnetworks ընկերության օտարումը եւս։

Ապօրինությունների բաղկացուցիչ մասն է կազմել բոլոր գույքերի, այդ թվում նաեւ ընկերություններում բաժնեմասերի վրա դրված անօրինական կալանքը։ Սպառնալիքները հասել են ընդհուպ մինչեւ այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինենք համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով։

Ես փորձել եմ ողջամիտ լուծումներ առաջարկել, քանի որ գիտակցում եմ ոչ ստաբիլության կործանարար հետեւանքները մեր ընկերությունների 3000 աշխատակիցների, տեղական եւ միջազգային գործընկերների, ընթացիկ եւ ավարտական փուլում գտնվող հանրային նշանակության նախագծերի վրա։

Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել եւ մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ եւ կալանավորելու, որին հետեւելու է նույնաբնույթ գործողությունների իրականցումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմնեիս, ինչպես նաեւ մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ։

Խնդրում եմ արձանագրել, որ այս անօրինությունները, նման բացահայտ եղանակով տեղի են ունենում 2020 թվականին, բաց տեղեկատվության ժամանակներում ու այն պարագայում, երբ երկրում կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրություն է հայտարարված եւ արդեն իսկ երկրի տնտեսությանը զգալի մասը հարվածի տակ է, այդ թվում նաեւ մեր ընկերությունների խումբը։

Ու քանի որ իրավական եղանակով պաշտպանվելու գործիքակազմը երկրի ներսում սպառվել է, մենք ստիպված են հանրայնացնել այս գործընթացը եւ դիմել միջազգային հարթակների։ Հանգամանքերից ելնելով այսօր հանրայնացնում ենք միայն մեկ դիպվածի մասին, սակայն, պետք է իմանաք, որ հատվել են իրավական ու բարոյական սահմաններ, ինչն ամբողջությամբ արձանագրված է ու ինչը դեռ կներկայացնենք։ Կոչ ենք անում ՀՀ-ում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպաններին, ՀՀ-ում գործող տեղական եւ միջազգային բիզնես ասոցիացիաներին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին եւ իրավապաշտպան կազմակերպություններին հետեւել այս գործընթացին եւ գնահատականներ տալ։

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ապօրինությունները եւ տեղեկացնում, որ ճնշումների, սադրանքների, պետական որոշ լծակների ոչ իրավաչափ կիրառման միջոցով իրականացվող ճնշումներին տեղի չենք տալիու։ Վստահ եմ, որ մեր հենքը օրինական է, բարոյական ու մենք չեն դարձնելու 12 տարվա ինստիտուցիոնալ կառույցը՝ իր սոցիալական կապիտալով ու մարդկային ճակատագրերով, սակարկությունների առարկա անգամ ամենածանր ճնշումների պարագայում։ Ucom­-ը չի վաճառվում ու մեր արժանապատվությունը սակարկության չի դրվում»։