19:42 | 22.04.20 | Նորություններ | exclusive 13597

Գուրգեն Խաչատրյանը մեկնաբանել է Ucom-ի շուրջ զարգացումները

«Գալաքսի ընկերությունների խմբի» համահիմնադիր, Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանն առաջին անգամ խոսել է Ucom-ի շուրջ ծավալված իրադարձությունների մասին:

Գուրգեն Խաչատրյանը հարցազրույց է տվել Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանին՝ «Կարմիր թել» տեսազրույցների շարքի նոր հաղորդման ընթացքում:

itel-karmir-tel

Գուրգեն Խաչատրյանն ասել է, որ Ucom-ի բաժնետերերը մշտապես ունեցել են քննարկումներ եւ աշխատանքային վեճեր, «ինչը նորմալ պրոցես է, որն օգնում է ընկերություններին առաջ գնալ»: Նա նկատել է, որ դեռ պետք է հասկանալ, թե ինչու այդ վեճերը տեղափոխվեցին հանրային տիրույթ եւ ստացան այն սրությունը, որն իրականում չունեին:

Գուրգեն Խաչատրյանը նշել է, որ վերջին 12 տարիների ընթացքում Ucom-ի բաժնետերերն ու մենեջմենթը ունեցել են գործընկերային եւ ընկերական հարաբերություններ: Նա ասել է, որ Հայկ Եսայանը մեծ դեր է խաղացել Ucom-ի զարգացման մեջ եւ հենց այդ փաստը հաշվի առնելով իրեն առաջարկել են ոչ միայն մնալ ընկերության խորհրդի կազմում, այլեւ դառնալ վերջինիս նախագահ:

Գուրգեն Խաչատրյանը շեշտել է, որ Ucom-ը կայացել է, նախևառաջ, ընկերության շուրջ 1700 աշխատակիցների քրտնաջան եւ նվիրված աշխատակիցների շնորհիվ:

«Մենք չենք ցանկանում, որ գոնե մեկ աշխատակից հեռանա ընկերությունից եւ անելու ենք հնարավորը, որպեսզի մարդիկ շարունակեն աշխատել», - ասել է նա:

Մեկնաբանելով Հայկ Եսայանի առաջարկները՝ մեծամասնական բաժնետերերի բաժնեմասը գնելու մասին, Գուրգեն Խաչատրյանն ասել է, որ նման առաջարկների պատասխանը չի կարող տրվել ժամերի կամ օրերի ընթացքում:

Խոսելով «ՎԵՈՆ Արմենիա» («Բիլայն Արմենիա» ապրանքանիշ) ընկերության հետ հնարավոր գործարքի մասին, Գուրգեն Խաչատրյանն ասել է, որ վերջին տարիներին հեռահաղորդակցության ոլորտում տեղի են ունենում կոնսոլիդացիաներ, որոնց շնորհիվ օպերատորները կարողանում են պահպանել արդյունավետությունը եւ ներդրումներ անել նոր տեխնոլոգիաներում:

«Կապիտալը, որը կարող է առաջանալ միավորվող օպերատորի ստեղծումից, պիտի անպայման տնօրինվի Հայաստանում», - ասել է Գուրգեն Խաչատրյանը՝ ընդգծելով, որ այս հարցում բոլոր բաժնետերերը միակարծիք են:

Ucom-ի տնօրենների խորհրդի նախագահը մեկնաբանել է նաեւ կարծիքներն այն մասին, որ հնարավոր գործարքի հիմնական նպատակը տնտեսական ոչ բարենպաստ վիճակում գտնվող Ucom-ի փրկությունն է եւ հիմնական դերակատարը պետք է լինի «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, որը փաստացի վերահսկում է Ucom-ի բաժմետոմսերի 16 %-ը:

Գուրգեն Խաչատրյանն ասել է, որ հնարավոր գործարքի ֆինանսավորման տարբեր հնարավորություններ են քննարկվում: «Միջոցներ կարող են ներգրավվել միջազգային կառույցներից, Ucom-ը կարող է նաեւ գնալ բաց բաժնետիրական ընկերություն դառնալու ճանապարհով:

«Փրկության հարց չկա, որ ինչ-որ մեկը գա եւ փրկի: Սակայն պետք է շնորհակալություն հայտնեմ «Տաշիր գրուպի» մեր գործընկերներին՝ վերջին տարիներին նրանց արված ներդրումների վկայությունը Ucom-ի այսօրվա ցանցն է։ Շատ լավ գործընկերային հարաբերություններ ունենք», - ասել Գուրգեն Խաչատրյանը:

«Կարմիր թել» շարքը հասանելի է «Կարմիր թել» Youtube ալիքում եւ Մեդիամաքսի ֆեյսբուքյան էջում: