12:47 | 17.04.20 | Նորություններ | 2348
«Մտքերի գագաթնաժողով»-ի («Summit of Minds») կազմակերպիչ «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսի հրավերով Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցել է «Քվանտային առաջնորդությունը համավարակի ժամանակ» թեմայով հեռավար վեբինարին:
«Ինչ է սպասվում եւ ինչպես լավագույնս հաղթահարել այն» խորագրով վեբինարների շարքը նախաձեռնել է «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեին՝ հայտնի առաջնորդների, հեղինակավոր վերլուծաբանների կարծիքները լսելու, փորձագիտական միջավայրում նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակի եւ դրա հետեւանքների հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով:
Հեռավար վեբինարները նախատեսված են «The Monthly Barometer»-ի համայնքի համար, որի կազմում են միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարներ, ներդրողներ, գործարարներ, հայտնի փորձագետներ ու վերլուծաբաներ։
Իր ելույթում խոսելով ժամանակակից աշխարհի ռիսկերի մասին՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նկատել է, որ մենք մուտք ենք գործել նոր աշխարհ եւ պետք է կարողանալ ապրել այդ աշխարհի կանոններով. «Աշխարհը փոխվել է, եւ, ինչ-որ առումով, մենք սկսեցինք դա նկատել համավարակի պատճառով: Աշխարհի զարգացման դասական ձեւերը փոխվել են, հատկապես փոխվել է գլոբալ ռիսկերի դասական վարքագիծը՝ դառնալով ավելի ու ավելի քվանտային»:
Հայաստանի նախագահի խոսքով՝ շատ ռիսկեր, ինչպես համավարակը, նույնպես քվանտային վարքագիծ են դրսեւորում՝ հայտնվելով մեկ Չինաստանում, մեկ՝ Եվրոպայում։
«Աշխարհը փոխվել է, եւ համավարակը, հավանական է, որ արագացնի դասական աշխարհի վերափոխումը քվանտային աշխարհի։ Համավարակի կամ ֆինանսական ճգնաժամերի, տարբեր այլ ռիսկերի դեմ պայքարելու համար մենք պետք է սկսենք փոխել մեր ապրելակերպը։ Եթե սկսենք մտածել այս աշխարհի մասին՝ որպես քվանտայինի, ապա կգտնենք իրերի բացատրության տրամաբանությունը, կկանխատեսենք դրանք, իհարկե, որոշակի հավանականությամբ»,-նշել է նախագահ Սարգսյանը։
Նա նշել է, որ աշխարհը փոփոխվում է եւ շատ ավելի արագ է փոփոխվելու, քան մենք նույնիսկ կարող ենք երեւակայել։
«Սակայն մենք պետք է պատրաստ լինենք։ Եթե սկսենք մտածել այն ամենի մասին, ինչ ունեինք կորոնավիրուսից առաջ, ապա ուղղակի ժամանակ կվատնենք։ Վիրուսը կարող է կրկին վերադառնալ եւ ունենալ նույն կամ բոլորովին այլ տեսք՝ համացանցային վիրուսի, համաշխարհային հաքերության եւ այլն: Եվ ամեն ինչ նորից կանգ կառնի։ Մենք պետք է սկսենք կրկին մտածել, թե ինչպես է այս աշխարհն առաջ ընթանալու, եւ դասեր քաղենք դրանից։ Մենք պետք է ընդունենք, որ խոսքն ընդհանրապես վիրուսի մասին չէ։ Վիրուսը, այո, ողբերգական դրսեւորում է, որը հազարավոր կյանքեր է խլել։ Յուրաքանչյուր կառավարություն, ներառյալ մեր երկրինը, այսօր պայքարում է վիրուսի դեմ։ Սակայն արդյունքում մենք միայն կենտրոնանում ենք վիրուսի վրա՝ այն ընդունելով որպես պատահար, որը երբեք չի կրկնվելու։ Այստեղ է, որ մենք սխալվում ենք։ Սա նոր աշխարհ է, որում մենք պատրաստվում ենք ապրել եւ պետք է պատրաստ լինենք ընդունել այն, պետք է պատրաստ լինենք հաջորդներին»։
Արմեն Սարգսյանը նշել է, որ վերջին օրերին շատ է շփվել տարբեր երկրների առաջնորդների, միջազգային պաշտոնյաների հետ, խոսել նոր համագործակցության մասին, փորձել կենտրոնանալ այն ամենի վրա, թե ինչ քայլեր է հնարավոր համատեղ ուժերով ձեռնարկել կորոնավիրուսից հետո։ Նա նաեւ վստահություն է հայտնել, որ ճգանաժամից դուրս գալու ելքեր անպայման կգտնվեն։