16:08 | 02.04.20 | Նորություններ | 2285

PicsArt-ը ծրագրավորում ուսուցանող անվճար հարթակ է ստեղծում

PicsArt ընկերությունը հայտարարել է առցանց ուսուցման անվճար հարթակ ստեղծելու մասին, որը կօգնի սովորել JavaScript եւ C ++ ծրագրավորման լեզուները:

Ընկերությունում նշել են, որ իրենց թիմում ներգրավված են Հայաստանի մի շարք առաջատար մասնագետներ, որոնք անհամբեր սպասում են ՏՏ մասնագետների հաջորդ սերնդի կերտմանը եւ սեփական գիտելիքի ու փորձի փոխանակմանը։

«PicsArt-ը հավատում է Հայաստանի երիտասարդության չօգտագործված ներուժին, եւ այդ իսկ պատճառով մենք նախադրյալներ չունենք եւ տրամադրում ենք ծրագիրը լիովին անվճար»:

Ընկերությունում հավելել են, որ նրանք, ովքեր հաջողության կհասնեն այս դասընթացի շրջանակներում, հնարավորություն կստանան միանալ PicsArt-ի թիմին: Հարթակի մասին այլ մանրամասներ ընկերությունը խոստացել է ներկայացնել առաջիկայում:

PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենախոշոր ստեղծարար հարթակն է, որի օգտատերերի համայնքը յուրաքանչյուր ամիս ստեղծում եւ սոցիալական ցանցերում տարածում է շուրջ 1 մլրդ նկար: PicsArt հավելվածն անվճար է ու հասանելի է 30 լեզվով՝ iOS, Android եւ Windows սարքերի համար:

Ընկերության գլխավոր գրասենյակը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Հայաստանից բացի գրասենյակներ կան նաեւ Լոս Անջելեսում եւ Պեկինում: