12:13 | 02.04.20 | Հոդվածներ | exclusive 64169
Հայաստանում հիմնադրված Flux Technologies տեխնոլոգիական ընկերությունը Editstock ընկերության հետ համատեղ մշակել է EditMentor գործիքը: Այն աշխարհում առաջին հարթակն է, որն օգնում է վիդեո մոնտաժ սովորել, սովորեցնել՝ կենտրոնանալով մոնտաժի ստեղծագործական կողմի վրա եւ միաժամանակ թույլ է տալիս խմբագրել տեսանյութերն օնլայն տարբերակով (non-linear editing):
Ստեղծման անհրաժեշտությունը
Այսօր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ վիդեո կոնտենտի առցանց շրջանառությունը շատ թրենդային ուղղություն է: Շատ քչերն են կարողանում լավ մշակված կոնտենտ տրամադրել, քանի որ գաղափարը կարող է շատ լավը լինել, բայց մշակման ստեղծագործական մասը՝ կաղալ:
Այս ամենը հաշվի առնելով, մշակվել է EditMentor-ը, որի ստեղծման ուղղությամբ Flux Technologies-ն աշխատում է գործընկերոջ՝ Հոլիվուդում գործունեություն ծավալող ճանաչված վիդեո մոնտաժող Միշա Թենենբաումի հետ համատեղ, ով Motion Picture Editor ասոցիացիայի անդամ է եւ գրանցել է ավելի քան 5000 աշխատանքային ժամ՝ հեռուստատեսության եւ կինոնախագծերի ոլորտում:
Flux Technologies-ի գործադիր տնօրեն Գոռ Վարդանյանը նշում է, որ EditMentor-ի թիմի համար Միշայի ահռելի փորձը եւ գիտելիքը անգնահատելի արժեք է։
Առաջին համագործակցությունը մեկնարկել է շուրջ 5 տարի առաջ, երբ թիմերն աշխատել են Միշային պատկանող EditStock ստարտափի շրջանակներում:
«Նպատակն էր ուսանողներին հնարավորություն տալ բացահայտել վիդեո մոնտաժի նոր ճյուղեր։ Արդյունքում EditStock-ը բավական հաջողություններ գրանցեց իր գործունեության ընթացքում։ Սկսեցինք մտածել, թե ինչպես ավելի մեծ փոփոխություններ ներդնենք ուղղության մեջ, եւ այդ քննարկումների արդյունքում ստեղծվեց EditMentor-ի գաղափարը»,- նշում է Գոռ Վարդանյանը:
Մոնտաժի ստեղծագործական ուղղությունը
Մինչեւ EditMentor-ի ստեղծումը, ուսումնական հաստատություններում գոյություն ունեցող ուսումնական մեթոդոլոգիաներով ավելի շատ ժամանակ ծախսվում էր վիդեո մոնտաժի գործիքները սովորելու, քան մոնտաժի ստեղծագործական մասով զբաղվելու վրա: Գոռ Վարդանյանի խոսքով, արվեստ սովորեցնելը մեծաթիվ մարտահրավերներ պարունակող ուղղություն է, իսկ ցանկացած արվեստի հիմքում կան հիմնաքարեր։ Ընկերությունը կենտրոնացել է դրանք վերցնելու եւ ուսուցանելու մեթոդոլոգիայի վրա:
Գործընթացը կազմակերպվում է հիմքում ունենալով շախմատի ուսուցման մեթոդոլոգիան: Ինտերակտիվ համակարգի օգնությամբ ոլորտի փորձառու ուսուչիցներն ու մասնագետները կարողանում են դասավանդել, ապա quiz-ներ եւ մարտահրավերներ առաջարկում, որոնք ուսանողը պետք է հաղթահարի՝ ստանալով դասախոսից կարծիք՝ կատարած ճիշտ եւ սխալ քայլերի մասին:
Ուսանողը մտնելով համակարգ, հնարավորություն ունի լսել լավագույն դասախոսների դասերը, ստանալ ուղղություն եւ ինտերակտիվ ֆիդբեք: Բացի դա, վեբ տիրույթում վիդեո մոնտաժի գործիքն իր ֆունկցիոնալությամբ հնարավորություն կտա ուսանողներին պրակտիկ գիտելիքներ ձեռք բերել՝ առանց ունենալու հզոր համակարգչային տեխնիկա եւ թանկ լիցենզիոն ծրագրեր:
Գոռ Վարդանյանը նշում է, որ ներկայումս Բետա թեստավորման ծրագրում իրենց հաջողվել է ներգրավել աշխարհի ամենահեղինակավոր կինոդպրոցներին, ինչպիսիք են Mount Saint Mary's University-ն, Chapman University-ն, Student Reporting Labs-ը (SRL), ինչպես նաեւ Հոլիվուդի մի շարք բարձրակարգ ավագ դպրոցների, որոնք դասավանդում են թվային մեդիա:
Ապագա ծրագրերի մասին
Editmentor-ը կունենա զարգացման 3 փուլ: Առաջին փուլում աշխատանք կտարվի հենց ուսանողների հետ՝ այն դպրոցներում եւ համալսարաններում, որոնք ունեն վիդեո մոնտաժի ուսուցման դասընթաց՝ ֆիլմարտադրություն, լրագրություն, բլոգինգ եւ այլն:
Գոռ Վարդանյանը նշում է, որ ԱՄՆ-ում 37 հազ. ավագ դպրոց կա, որոնց ավելի քան 70 տոկոսում կան ֆիլմմեյքինգի, լրագրության կամ վիդեո մոնտաժի դասընթացներ: Սա հսկայական շուկա է: Միաժամանակ, սա այն տարիքային խումբն է, որն ամենաշատ վիդեո կոնտենտն է պատրաստում: Այս փուլում ընկերությունը ներգրավել է ոլորտի լավագույն միջազգային մասնագետներին, որոնք զբաղված են հարթակում դասընթացներ ձեւավորելով:
Թեստավորման փուլում հաշվի է առնվելու լավագույն մասնագետների կարծիքը։ Գոռ Վարդանյանի խոսքով, Լոս Անջելեսում արդեն իսկ 10 տարբեր դպրոցներ հրավիրված են օգտագործելու հարթակի Բետա տարբերակը։
EditStock-ի եւ EditMentor-ի գործադիր տնօրեն Միշա Թենենբաումի խոսքով, շատ դրական արձագանքներ են ստացվել ուսանողներից, որոնց համար ռեալ խնդիր էին վիդեո մոնտաժի դասերը. տանը հզոր համակարգիչ ու լիցենզիոն ծրագրերին հասանելիություն չունենալու պատճառով նրանք մինչ օրս ստիպված էին համալսարանում կատարել առաջադրանքները: Առաջիկա 2 ամիսներին առաջին 15 դպրոցները կսկսեն օգտվել գործիքից, ինչին կհետեւի համագործակցությունը ոլորտի առաջնորդների հետ՝ մեկ տարվա ընթացքում ներգրավելով հարյուրավոր դպրոցներ:
Զարգացման երկրորդ փուլում վլոգինգի եւ վիդեո լրագրության ոլորտում մարքեթինգային ռազմավարություն կմշակվի: Արդյունքում կստեղծվի մեծ ուսուցողական հարթակ, որտեղ ցանկացած անհատ կարող է անցնել իրեն հետաքրքիր վիդեո մոնտաժի կուրսը: Այդ փուլում նաեւ ցանկություն կա բարելավել եւ ավարտուն տեսքի բերել առցանց վիդեո մոնտաժի գործիքը:
Երրորդ փուլում արդեն ծրագրվում է ստեղծել համակարգ, որն արհեստական բանականության միջոցով մոնտաժի գործընթացի ընթացքում կկարողանա տրամադրել հուշումներ, ինչպես, օրինակ, Spell checker-ը Microsoft Word ծրագրում: Համակարգն ինքնուրույն կվերլուծի եւ կնշի, թե մոնտաժի ընթացքում ինչն է ճիշտ արվում, ինչը՝ սխալ:
Մրցակիցների մասին
Մրցակիցներ այս պահին EditMentor-ը չունի, սակայն, հաշվի առնելով ծրագրի զարգացման հետագա ուղղությունը, այն է՝ հանդես գալ որպես առցանց վիդեո խմբագրիչ, կունենա առաջիկայում, երբ կրթական գործիքից վերածվի առցանց վիդեո մոնտաժի հարթակի: Գոռ Վարդանյանը նշում է, որ ոլորտում արդեն կան մի շարք հիմնական խաղացողներ, որոնց մի մասի հետ ընկերությունը բանակցությունների մեջ է։
Հայաստանյան ծրագրերի մասին
Համահիմնադիր Միշա Թենենբաումը կայցելի Հայաստան առաջիկա ամիսներին։ Նրա մասնակցությամբ վարպետության դաս կկազմակերպվի հայաստանյան լսարանի համար: EditMentor-ը, ամենայն հավանականությամբ, կթեստավորվի հայաստանյան այն հաստատություններում, որոնք հետաքրքրված են ուսուցանել վիդեո մոնտաժի արվեստը, օրինակ՝ Թումո կենտրոնում:
Տեխնիկական մասով ղեկավար Արմեն Մշեցյանն իր հերթին հույս է հայտնում, որ միայն ամերիկյան դպրոցներն ու համալսարանները չէ, որ հետաքրքրված կլինեն այս համակարգով, եւ որ հայաստանյան դպրոցները եւս կցանկանան այն գործածել:
«Հայաստանն աշխարհում արդեն հայտնի է որպես երկիր, որի դպրոցներում շախմատ է ուսուցանվում, եւ կարող ենք նույնն անել վիդեո կոնտենտի ստեղծման ասպարեզում՝ հնարավորություն տալով հայ աշակերտներին փորձել ուժերն այս նոր եւ խոստումնալից ուղղությունում»,- նշում է նա:
Թիմի մասին
Սկզբնական շրջանում աշխատանքներն արվել են հիմնական առաջատար ծրագրավորողի՝ Անուշավանի հետ միասին։ 2019թ., սկսել են զարգացնել հիմնական պրոդուկտը, զուգահեռ ընդլայնվել է նաեւ թիմը: Արդյունքում՝ թիմին միացել են նոր ծրագրավորողներ, ինչպես նաեւ Որակի Ապահովման, UI/UX մասնագետներ։ Այսպես, ձեւավորվել է հիմնական կազմը, որը, Գոռ Վարդանյանի խոսքով, սկսել է շատ ուժեղ թիմային խաղով մեկը մյուսի հետեւից հաջողություններ գրանցել։
«Շատ ուրախ եմ, որ յուրաքանչյուր անհատի անսահմանափակ ներդրման արդյունքում գործընթացը վերածվեց թիմային մեծ հաղթանակի, եւ ամեն ինչ դեռ առջեւում է։ Երբ մարդիկ սիրում են այն, ինչ անում են եւ ոգեշնչված են իրենց ստեղծած արդյունքից, հաջողությունը միշտ առաջնորդում է նրանց»,- նշում է ծրագրի ղեկավար Սոնա Տեր-Ասատրյանը:
Լուծման յուրահատկության մասին
Սոնա Տեր-Ասատրյանի խոսքով, լուծումը յուրահատուկ է նրանով, որ միակն է եւ մրցակիցներ իր տեսակի մեջ չունի։
«Միգուցե, եթե փնտրեք, կգտնեք օնլայն վիդեո խմբագրման գործիքներ, որոնք կտան հնարավորություն օնլայն հարթակում խմբագրել որեւէ բան։ Բայց այն, ինչ առաջարկում է մեր գործիքը, շատերը նույնիսկ չէին պատկերացնում, որ կարելի է իրագործել:
Գործիքը թույլ է տալիս սովորեցնել տեսանյութերի խմբագրման նրբություններն ու գաղտնիքները՝ վերջնական լավ արդյունք ստանալու համար։ Այսինքն՝ ուսուցանում է ոչ թե այն, թե ինչպես է գործիքն աշխատում, կամ որն է որեւէ կոճակի գործառույթը, այլ ներկայացնում է էդիթինգի արվեստը, որի արդյունքում կստացվի բարձորակ խմբագրված տեսանյութ եւ դուր կգա մարդկանց»,- պատմում է նա:
Ընկերությունում նշում են, որ EditMentor-ն օգնում է հասկանալ, թե որ կադրն է ավելորդ, որ հատվածից էր պետք փոխել տեսարանը, հոլովակի որ մասը արժեք չի ներկայացնում եւ բազում այլ մանրուքներ։
Ծրագրի տեխնիկական առանձնահատկությունների մասին
Ի սկզբանե, նպատակ է դրվել համակարգչի վրա աշխատող ծանր եւ բարդ ծրագիրը բերել վեբ տիրույթ: Թիմի տեխնիկական մասի պատասխանատու, ծրագրավորող Անուշավան Կարապետյանը նշում է, որ գաղափարը պատկերացնելն էր բարդ, եւ իրականացման ընթացքում զանազան խնդիրների են հանդիպել, սակայն դրանք պատվով են հաղթահարել:
Գործիքը հնարավոր կլինի օգտագործել հնարավորինս թույլ համակարգչով եւ թույլ ինտերնետ կապի առկայությամբ: Այսպիսով, օգտագործողը կամայական վայրից կարող է օգտվել դրանից: EditMentor-ը կարող է նաեւ սինքրոնացվել վիդեո մոնտաժի այլ ծրագրերի հետ, օրինակ` հնարավոր է տեսանյութի մի մասը մոնտաժել EditMentor-ով, մնացածը՝ օրինակ, Adobe Premier Pro-ով:
Թիմի տեխնիկական մասով ղեկավար Արմեն Մշեցյանը համոզված է, որ թիմին հաջողվել է իրականություն դարձնել նախագիծը, քանի որ առկա է սովորելու մեծ ցանկություն, ինչը հաջողության հասնելու գլխավոր առավելություններից է:
«Այսօր թիմը ոչ միայն տեխնիկական, այլեւ գաղափարներ գեներացնող գործառույթ է կատարում, եւ կարելի է ասել՝ ամբողջ ընկերությունն է մասնակցել գործիքի մշակման գործընթացին»,- ընդգծում է նա:
Նարինե Դանեղյան