16:08 | 01.04.20 | Նորություններ | 2402
Volo-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արմեն Քոչարյանը Outsourcing Journal-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է իր թիմն այս օրերին աշխատում եւ հաղորդակցվում տարբեր շուկաներում տեղակայված հաճախորդների հետ:
«Volo-ում ունենք արդյունավետ հեռավար աշխատանքային մշակույթ եւ անհրաժեշտ տեխնոլոգիական ենթակառուցվածք՝ մեր աշխատողներին եւ գործընկերներին աջակցելու համար: Հետեւում ենք իրավիճակին եւ ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները` ապահովելու մեր աշխատակիցների անվտանգությունն ու առողջությունը, ինչպես նաեւ հաճախորդների համար սահուն բիզնես գործընթացների շարունակականությունը»,- նշել է նա:
Արմեն Քոչարյանի խոսքով, այս պահին Volo-ի աշխատակիցները տանից են աշխատում. «Այն աշխատակիցները, որոնք գրասենյակից աշխատելու հատուկ անհրաժեշտություն ունեն, հետեւում են այլ մարդկանց հետ փոխհարաբերությունները սահմանափակելու խորհրդին, ինչից որեւէ գործընթաց չի տուժում»:
Volo-ի հիմնադիրը նշել է, որ առկա են շատ մարտահրավերներ, սակայն, եթե պրոցեսները ճիշտ են իրականացվում, այդ մարտահրավերները հաղթահարելը պարզապես ժամանակի հարց է դառնում:
«Ճիշտ ժամանակն է, որ խելացի ղեկավարները մտածեն նոր իրականությունը նորարար դարձնելու եւ դրան մարտահրավեր նետելու ուղղությամբ՝ տեխնոլոգիաների օգնությամբ: Լավագույն ժամանակն է՝ մտածելու թվային փոխակերպման մասին եւ օպտիմալացնելու սեփական բիզնեսի այն հատվածը, որը միշտ ցանկացել եք օպտիմալացնել, բայց երբեք ժամանակ չեք ունեցել»,- ընդգծել է Արմեն Քոչարյանը: