16:06 | 30.03.20 | Նորություններ | 79791

iUniversity. գործարկվել է առաջին հայկական համալսարանական առցանց հարթակը

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում գործարկվել է հայկական առաջին համալսարանական առցանց կրթական հարթակը:

Այն բրենդավորվել է iUniversity անվամբ, որը սպասարկում է Պոլիտեխնիկը՝ ներառյալ Գյումրիի, Կապանի եւ Վանաձորի մասնաճյուղերը, ինչպես նաեւ բուհի քոլեջը եւ ավագ դպրոցը:

Հարթակը հնարավորություն է տալիս գրանցել բոլոր շահառուներին, յուրաքանչյուր խմբի եւ դասարանի համար ստեղծել առարկաների ու տնային աշխատանքների ցանկ, ուսումնական նյութեր, էլեկտրոնային գրադարան, ներբեռնել տեսադասախոսություններ՝ հնարավորություն տալով ուսանողներին եւ աշակերտներին հարցեր ուղղել իրենց դասախոսներին եւ ուսուցիչներին, ինչպես նաեւ ունենալ առարկայի քննարկման միջավայր եւ գնահատվել իրենց կատարած առցանց աշխատանքի համար։

Հարթակը նաեւ թույլ է տալիս յուրաքանչյուր պահի մոնիթորինգ անել եւ պարզել կոնկրետ կրթական ծրագրի համար ինչպիսի ծավալով է իրականացվել առցանց ուսուցումը, առաջացած բացթողումները եւ թերությունները, որի միջոցով հաստատության ուսումնական մասի պատասխանատուները կարող են վերահսկել գործընթացը եւ առաջացած թերությունները շտկելու համար նախատեսել նոր գործիքակազմեր։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը նաեւ պատրաստակամություն է հայտնել արտակարգ դրության ժամանակահատվածում հարթակի բոլոր հնարավորությունները եւ տեխնիկական սպասարկումը տրամադրել նաեւ այն ուսումնական հաստատություններին, որոնք դրա կարիքը ունեն։