11:27 | 30.03.20 | Նորություններ | 80138

Մարզերի աշակերտները 21 հազար համակարգչային սարքի կարիք ունեն

Հանրապետության մարզերից ստացված տվյալների համաձայն` հեռավար կրթությունը բոլորին հասանելի դարձնելու համար շուրջ 21 հազար սարքավորման պահանջարկ կա: Սա հաշվի առնելով, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը դիմել է կազմակերպություններին եւ անհատներին` այս հարցում համագործակցելու եւ աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Կիրակի օրվանից սկսած Երեւանի Խ. Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում / հասցե`Երեւան, Հանրապետության փող., 73 շենք/ գործում է հատուկ կետ, որտեղ կընդունվեն համակարգիչներ եւ այլ սարքավորումներ, եթե դրանք կբավարարեն ԿՏԱԿ-ի սահմանած նվազագույն տեխնիկական չափանիշներին:

Սարքավորումների համար սահմանված տեխնիկական չափանիշներն ու նվազագույն տվյալները ներկայացված են այստեղ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ՏՏ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ հեռավար աշխատանքային քննարկման ժամանակ ընդգծել է, որ խորհրդակցության նպատակը հեռավար կրթության կազմակերպման արդյունավետության բարձրացումն է, եւ այս հարցում նախարարությունն ակնկալում է ոլորտի ընկերությունների աջակցությունն ու համագործակցությունը:

Նախարարը նշել է, որ հեռավար կրթության համակարգում այս պահին ընդգրկված է հանրապետության դպրոցների եւ աշակերտների շուրջ 80 տոկոսը:

Նախարարության նախաձեռնությամբ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն արտակարգ դրության հայտարարումից անմիջապես հետո գործարկել է հեռավար կրթության համալիր էջը, որտեղ համախմբված են կրթական մի շարք ռեսուրսներ:

Այս ընթացքում նախարարությունն արդյունավետ համագործակցել է նաեւ մասնավոր եւ պետական մի շարք ընկերությունների հետ: Մասնավորապես, Յուքոմ եւ Ռոստելեկոմ ընկերություները թողարկել են կրթական ալիքներ, որոնք հեռարձակում են ԿԳՄՍՆ-ի առաջարկած եւ ուսուցիչների ու ԿՏԱԿ-ի համատեղ ջանքերով ստեղծված կրթական բովանդակությունը` տեսադասերը, թվայնացված նյութերը: Իսկ Beeline ընկերությունը թողարկել է BeeTV բջջային հավելվածը, որը հեշտացնում է աշակերտների հեռահար ուսուցման գործընթացը։ Հանրային հեռուստատեսությամբ ամեն օր հեռարձակվում բաց դասեր, դասացուցակը նախապես հրապարակվում է նախարարության ՖԲ պաշտոնական էջում:

Արայիկ Հարությունյանի խոսքով, հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման հետ կապված կան որոշ տեխնիկական խնդիրներ, մասնավորապես, առանձին դեպքերում աշակերտներն ունեն ինտերնետ կապի եւ անհրաժեշտ սարքավորումների խնդիրներ:

Նախարարը կարեւոր է համարել նաեւ հեռախոսային հավելվածների ստեղծումը, որոնք թույլ կտան աշխատել կապի թույլ թրաֆիկով եւ կապահովեն հեռավար կրթության ավելի մեծ հասանելիություն:

Հեռավար քննարկման ընթացքում նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը կարեւորել է հեռավար կրթության ապահովումը կրթության առանձնահատուկ կարիքով երեխաների համար, որը համընդհանուր ներառական կրթության պահանջ է: Նախարարի տեղակալի խոսքով` խրախուսելի է հատկապես ներառականություն ապահովող բջջային հավելվածների թողարկումը:

Քննարկմանը մասնակից ընկերություները պատրաստակամություն են հայտնել համագործակցել եւ աջակցել հեռավար կրթության համակարգի կայացման ԿԳՄՍՆ նախաձեռնությանը: