17:20 | 24.03.20 | Նորություններ | 87356
«Ռոստելեկոմ» Հայաստան ընկերությունը 2 մլն դրամ է փոխանցել ՀՀ Առողջապահության նախարարության համար բացված գանձապետական հաշվին` կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված միջոցառումներին աջակցելու նպատակով:
Ստացված միջոցներն ուղղվելու են բժշկական անձնակազմի խրախուսման, բժշկական պարագաների եւ սարքավորումների ձեռքբերման, ինչպես նաեւ բժշկական կենտրոնների շենքային պայմանների բարելավման աշխատանքներին:
«Մենք մեր պարտքն ենք համարում ամեն կերպ աջակցելու մեր երկրին ու ժողովրդին՝ հնարավորինս շուտ ստեղծված իրավիճակը թոթափելու նպատակով: Մեր բոլոր քայլերն ուղղված են ինչպես տանը մնացող բնակչությանը որակյալ ծառայություններով ապահովելուն, այնպես էլ այն մարդկանց, ովքեր շուրջօրյա եւ արտակարգ ռեժիմով աշխատում են՝ հիվանդության հետագա տարածումը կանխելու եւ հաղթահարելու համար»,-նշել է «Ռոստելեկոմ» Հայաստան ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը: Ընկերությունում նշել են, որ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում մշտապես կարեւորում եւ աջակցություն են ցուցաբերում հասարակական կարեւոր նշանակություն ունեցող նախաձեռնություններին:
Ավելի վաղ ՀՀ Ֆինանսների նախարարությունը բացել էր գանձապետական հաշիվ՝ կորոնավիրուսի համաճարակի կանխարգելմանն ու հաղթահարմանն ուղղված ՀՀ Առողջապահության նախարարության միջոցառումներին աջակցելու նպատակով: