16:50 | 24.03.20 | Նորություններ | 87056

Ռալֆ Յիրիկյանը խոսել է Վիվա-ՄՏՍ-ի շարժական կենտրոններից բաժանորդների սպասարկման մասին

Վիվա-ՄՏՍ-ը Երեւանում սկսել է իրականացնել բաժանորդների սպասարկում՝ սպասարկման շարժական կենտրոններից: Հայաստանի խոշոր 7 համայնքներում՝ Բաղրամյան, Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Բագրատաշեն, Նոյեմբերյան ու Ճամբարակ, նույնպես գործում են սպասարկման կենտրոններ:

Այս եւ այլ նորությունների մասին տեղեկանում ենք Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ուղիղ եթերից՝ ընկերության ֆեյսբուքյան էջում:

Երեւանի տարածքում կգործի անիվների վրա տեղակայված 3 կենտրոն: Շարժական կենտրոնները կազմակերպվել են հատուկ կահավորված եւ Վիվա-ՄՏՍ-ի տարբերանշանը կրող «Ford Transit» մակնիշի մեքենաների հիման վրա: Անիվների վրա գործող այս կենտրոններում հասանելի է ապրանքատեսակների եւ ծառայությունների մեծ մասը, ներառյալ՝ սարքերի ու SIM քարտի վաճառք: Ծառայությունները կներկայացվեն եւ գործարքները կիրականացվեն առանց բաժանորդ-աշխատակից անմիջական շփման՝ հատուկ լուսամուտի միջոցով:

Գործարքները կկատարվեն կանխիկ ու անկանխիկ եղանակներով: Հասանելի չի լինի միայն բջջային սարքերի ապառիկ վաճառքը:

Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութից սարք պատվիրելու համար հարկավոր է այցելել Վիվա-ՄՏՍ-ի առցանց խանութ, ընտրել սարքն ու լրացնել պարզեցված էլեկտրոնային հայտ, կամ զանգահարել առցանցխանութի՝ կայքէջում նշված 093298700 համարով: Այնուհետեւ հաճախորդի հետ կապ կհաստատվի եւ նրան կուղղորդեն դեպի շարժական սպասարկման կենտրոններից որեւիցե մեկը՝ ըստ իր հարմարության, կամ՝ այն վայրը, ուր ժամանելու է օրեր առաջ գործարկված սպասարկման շրջիկ կենտրոնը՝ սարքն, ինչպես նաեւ ցանկության դեպքում՝ SIM քարտն, առաքելու համար:

Շարժական կենտրոնները հագեցած են տեղեկատվական հանգույցներով, ինչը թույլ է տալիս մշտական կապ պահպանել գլխամասային գրասենյակի հետ՝ իրական ժամանակում գործարքներ իրականացնելու եւ ծառայություններ ակտիվացնելու համար:

Հնարավոր հերթերի դեպքում՝ հաճախորդները պետք է պահպանեն միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորություն ու կրեն դիմակ:

Սպասարկման կենտրոնները հագեցված են կանխարգելիչ միջոցներով, պարբերաբար ախտահանվում են, անձնակազմը տեղեկացված է կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցներն ընդգրկվել են աշխատանքներում իրենց ցանկությամբ:
Երեւանում գործող՝ վերը նշված սպասարկման շարժական կենտրոնները տեղակայված են ներկայում չգործող սպասարկման կենտրոնների հարեւանությամբ՝ հետեւյալ հասցեներում.

Ամիրյան 3 (Կենտրոն վարչական շրջան)
Ազատության պողոտա 24/4 (Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան)
Բագրատունյաց 14/67 (Շենգավիթ վարչական շրջան)

Մարզերում գործում է սպասարկման 7 կենտրոն՝ Բաղրամյան, Աշոցք, Ամասիա, Մարալիկ, Բագրատաշեն, Նոյեմբերյան ու Ճամբարակ համայնքներում:

Երեւանում գործող սպասարկման շարժական ու մարզերի սպասարկման կենտրոնների աշխատանքային ժամերն են 11:00-17:00, երկուշաբթիից` շաբաթ):