Հակոբ Արշակյանը
11:43 | 24.03.20 | Նորություններ | 1584
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը պարզաբանումներ է ներկայացրել նախարարությունում 10 մլն դրամի առերեւույթ չարաշահումների վերաբերյալ, որի վերաբերյալ նախօրեին հայտարարություն էր տարածել Գլխավոր դատախազությունը:
Նախարարը նշել է, որ համակարգչային տեխնիկայի եւ ցանցային սերվերների ձեռբերման նպատակով նախարարությունը մրցույթ է հայտարարել, որին մասնակցել են մի շարք ընկերություններ: Դրանցից մեկը հաղթել է մրցույթում՝ որոշակի գնով:
Հակոբ Արշակյանի խոսքով, հաղթողը մատակարարել է համակարգչային սարքավորումներ, որոնք ավելի ուշ պարզվել է, որ չեն համապատասխանում իրենց տեխնիկական բնութագրերին:
«Պարզելուց անմիջապես հետո կազմվել է համապատասխան գրություն եւ իմ կողմից ուղարկվել է գլխավոր դատախազին: Արդյունքում՝ հարուցվել է նշված քրեական գործը»,- նշել է նախարարը:
Հակոբ Արշակյանի խոսքով, դեռ կան անբարեխիղճ մատակարարներ, որոնք կարծում են, թե կարող են մատակարարել տեխնիկական առաջադրանքներին չհամապատասխանող ապրանքներ ու ծառայություններ: Նախարարը նաեւ հույս է հայտնել, որ գործն ամբողջությամբ կբացահայտվի եւ մեղավորները կպատժվեն: