16:45 | 23.03.20 | Նորություններ | 2264

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում չարաշահումներ են հայտնաբերվել

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգչային սարքավորումների ձեռքբերման եւ ցանցային սերվերների ձեռքբերման վերաբերյալ նախարարի ուղեկցող գրությամբ ստացված փաստաթղթերը, որոնց արդյունքում պարզվել է առերեւույթ հանցավոր չարաշահման հանգամանք:

ՀՀ գլխավոր դատախազության տարածած ամբողջական հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ:

«ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարիքների համար թվով 100 համակարգչային սարքավորումների եւ 2 ցանցային սերվերների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված ՍՊԸ-ի հետ 2019թ. դեկտեմբերին կնքվել է ապրանքների մատակարարման 2 պայմանագիր՝ 29.940.000 եւ 9.740.000 ՀՀ դրամ արժեքով:

Պայմանագրերի տեխնիկական բնութագրերով նախատեսված եւ փաստացի ձեռք բերված ապրանքների համապատասխանության վերաբերյալ նախարարության պատասխանատու անձի կողմից տրվել են դրական եզրակացություններ, կազմվել ապրանքների հանձնման-ընդունման ակտեր ու արձանագրություններ, որոնց հիման վրա ապրանքներն ընդունվել են:

Հետագայում պարզվել է, որ մատակարարված համակարգչային սարքավորումները չեն համապատասխանում պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին: Մասնավորապես՝ պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված տաք փոխարինման հնարավորությամբ սերվերների փոխարեն մատակարարվել են այլ մոդելի սերվերներ, որոնք արտադրողի կողմից ներկայացվում են որպես սպառողական նպատակների համար նախատեսված արտադրանք եւ չունեն տաք փոխարինման հնարավորություն: Բացի այդ, պայմանագրի տեխնիկական բնութագրերով նախատեսված լազերային մկնիկների փոխարեն մատակարարվել են օպտիկական մկնիկներ:

Պարզվել է, որ փաստացի մատակարարված եւ ընդունված ցանցային սերվերների գինը ավելի ցածր է պայմանագրերով նախատեսված սարքավորումների գներից:

Փաստորեն, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պատասխանատու պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, համակարգչային սարքավորումների մատակարարման պայմանագրերի հանձնման-ընդունման փաստաթղթերում եւ իրենց կողմից կազմված եզրակացություններում մտցրել են պայմանագրերի տեխնիկական բնութագրերին չհամապատասխանող ապրանքների՝ նախատեսված պահանջներին համապատասխանության վերաբերյալ ակնհայտ կեղծ տվյալներ, ընդունել այդ ապրանքները: Դրա հետեւանքով պետության իրավունքներին եւ օրինական շահերին պատճառվել է 9.740.000 ՀՀ դրամի էական վնաս:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել առերեւույթ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող բավարար տվյալներ եւ անհրաժեշտ է հանգամանքները պարզել լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործը:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»: