14:51 | 23.03.20 | Նորություններ | 7033

«Առաքում»՝ Yandex.Taxi-ն նոր սակագին է գործարկել

Yandex.Taxi-ն Հայաստանում գործարկել է «Առաքում» սակագինը, որի շնորհիվ կարելի է ծանրոց փոխանցել բարեկամին, մտերիմին կամ գործընկերոջը:

Yandex.Taxi-ում նշել են, որ «Առաքման» շնորհիվ կարելի է, օրինակ, պապիկին դեղ, ուտելիք, հագուստ կամ այլ անհրաժեշտ պարագաներ փոխանցել:

Այս ծառայությունը հարմար է նաեւ կազմակերպությունների համար, որոնց անհրաժեշտ է փաստաթղթեր փոխանցել գործընկերներին:

«Ծառայությունը կօգնի նաեւ վարորդներին. կարանտինի պատճառով մարդիկ քիչ են փողոց դուրս գալիս եւ քիչ են երթեւեկում, իսկ «Առաքման» շնորհիվ վարորդներն ավելի շատ պատվերներ կունենան», - նշել են Yandex.Taxi-ում:

Առաքումը կարելի է պատվիրել այնպես, ինչպես սովորական ուղեւորությունը՝ Yandex.Taxi հավելվածի միջոցով: Առաքումը կարող է լինել տանից տուն (այս դեպքում ուղարկողին եւ ստացողին անհրաժեշտ է դուրս գալ մեքենայի մոտ) կամ բնակարանից բնակարան (սա մի փոքր ավելի թանկ արժե): Սովորական «Առաքման» գինը համարժեք է սովորական ուղեւորության արժեքին:

«Մենք ընտրում ենք միայն ամենաբարձր վարկանիշ ունեցող վարորդներին, եւ նրանք արդեն անցել են համապատասխան ուսուցում: Բացի այդ, կարելի է մեկնաբանություն թողնել վարորդին, եթե ցանկանում եք, որ նա ծանրոցը փոխանցի անշփում տարբերակով: Օրինակ, ծանրոցը կարելի է թողնել բնակարանի դռան մոտ, կամ խնդրել վերցնել այն անմիջապես մեքենայից, որպեսզի այն չփոխանցվի ձեռքից ձեռք»,- նշել են Yandex.Taxi-ում:

Ծանրոցը պետք է փաթեթավորած լինի, վարորդը պատասխանատու է փաթեթավորման անվնասության համար:

Առաքումն իրականացվում է պատվերն ընդունելուց անմիջապես հետո:

Վճարումն իրականացվում է միայն հավելվածին կցված բանկային քարտի միջոցով, ինչը նույնպես հանդիսանում է կորոնավիրուսի տարածման պրոֆիլակտիկայի կարեւոր միջոց:

Ուղարկողը հավելվածում մուտքագրում է ստացողի հեռախոսահամարը, որին  
SMS է ուղարկվում վարորդի մասին: Վարորդը նույնպես կարող է կապվել անմիջապես ստացողի հետ:

Yandex.Taxi-ում նշել են, որ մտադիր են շուտով ընդլայնել նոր ծառայությունը կորպորատիվ հաճախորդների համար (B2B) եւ առաջարկել առաքում խանութներին եւ ռեստորաններին:

Սա կարող է լավ լուծում լինել փոքր ընկերությունների համար, որոնք հնարավորություն չունեն որակյալ առաքում կազմակերպել սեփական ուժերով:

«Առաքում» սակագինը դեռեւս գործարկվել է միայն Երեւանում, սակայն, ինչպես եւ սովորական ուղեւորության դեպքում, վարորդին կարելի է ուղարկել նաեւ մայրաքաղաքից դուրս: